ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնությունը

22:58 • 10.10.20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասի համաձայնությունը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել է վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է հրադադարի մասին համաձայնությունը, որի մասին երեկ Մոսկվայում հայտարարվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կողմից: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Մոսկվային միջնորդական դերակատարության համար», - ասվում է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի ձեռք բերված համաձայնությանը և կխրախուսի կողմերի՝ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4569 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։