Արցախում ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց, այդքանից հետո ուզում են՝ համաձայնենք իրենց պահանջներին, դա չի լինելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. Արայիկ Հարությունյան
Արցախի ժողովրդի նկատմամբ վարվում է մարդասիրության կանոններից դուրս պատերազմ, այն կարելի է անվանել ցեղասպանություն մի ժողովրդի նկատմամբ, որն իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 88 թվականին, և դա իրականացնում է ոչ միայն Ադրբեջանը, նրան միացել է Թուրքիան և միջազգային տեռորիզմը: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նախագահը նախ հիշեցրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադար հաստատելու համաձայնության են եկել, որով հաստատել են իրենց հանձնառությունը 20 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադրեցմանը և որ այդ բոլորը պետք է իրականացվի «Կարմիր խաչի» կոմիտեի միջնորդությամբ:
«Նախ շնորհակալություն ենք հայտնում ՌԴ իշխանություններին ու հատկապես նախագահ Պուտինին այդ առաքելությունը ստանձնելու համար, այս առումով կարևոր եմ համարում Մինսկի խմբի համանախագահության առումով, որ մնում է և միակ ձևաչափն է բանակցությունների համար»,- ասաց նա: Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր միջազգային կառույցներին, երկրներին, որոնք տարբեր ձևաչափերով տարբեր շրջանակներում խաղաղության ու կայունության հաստատելու առումով քայլեր են ձեռնարկել:
Նախագահը շնորհակալություն հայտնեց նաև մամուլին, ում միջոցով աշխարհը տեղեկանում է Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող մարդասիրության կանոններից դուրս պատերազմից: «Այն կարելի է անվանել ցեղասպանություն մի ժողովրդի նկատմամբ, որն իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 88 թվականին. դա իրականացնում է ոչ միայն Ադրբեջանը, նրան միացել է Թուրքիան և միջազգային տեռորիզմը: Մենք այս առումով ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, ոչ միայն կոչերով, հայտարարություններով, այլ նաև առարկայական»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան՝ Արցախյան ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի ստանձնած քաղաքականության քողի անվան տակ: «Փաստերը շատ-շատ են, և դա ռուսաստանյան, ֆրանսիական, միջազգային տարբեր կառույցների կողմից տարածվել և լուսաբանվել է: Անթաքույց են դա անում: Ինչո՞ւ եմ նշում ցեղասպանություն, ինչ է օգտագործում Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ՝ սմերչ, պոլոնեզ, անօդաչու հարվածային սարքեր խաղաղ բնակչության, ենթակառուցվածքների, զինվորական օբյեկտների անվան տակ: Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ այդ հրթիռային արկերը չեն պայթել, այն էլ ոչ մեկ անգամ: Անգամ Շուշիի եկեղեցուն են հարվածել, որը որևէ բարոյականության տիրույթի մեջ չի մտնում»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ եկեղեցու շրջակայքում որևէ զինվորական կամ ռազմական ենթակառուցվածք չկա, բայց ոչ թե մեկ, այլ անգամներով հրթիռակոծվել է: «Այսինքն` Արցախում ոտնահարվում է համամարդկային արժեքները, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց և այսքանից հետո ակնկալում են Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք, այսինքն՝ համաձայնել իրենց կողմից պարտադրված կամ ձևակերպված պահանջների հետ, դա չի լինելու: Ուզում եմ հայտարարել՝ դա չի լինելու»,- շեշտեց նախագահը:
Հարությունյանը հավելեց, որ Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը: «Մենք մեր ինքնապաշտպանության իրավուքնների շրջանակներում նաև ՀՀ-ի, հայության անմիջական մասնակցությամբ այն իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Արդրբեջանի մաս: Արցախի ժողովրդի սեփական հողում ապրելու իրվունքը միջզգայնորեն հաստատված է և ճանաչված է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։










