Ի համերաշխություն Արցախի ժողովրդի՝ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կմասնակցի Լոս Անջելեսում այսօր կայանալիք «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային

11:30 • 11.10.20

Ի համերաշխություն Արցախի ժողովրդի՝ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կմասնակցի Լոս Անջելեսում այսօր կայանալիք «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային: Այս մասին Շերմանը հայտնել է Twitter-ում։

«Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված մարդկանց հետ՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի»,- գրել է Շերմանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի թվիթերյան հրապարաման մեջ նշվում է, որ «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիան մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Թուրքիայի հյուպատոսության շենք: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։