«Ասե՛ք ձեր կառավարությանը, որ դադարեցնի Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը»․ Սերժ Թանկյանը դիմել է Իսրայելի ժողովրդին
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Facebook-ում Իսրայելի ժողովրդին կոչ է արել իրենց իշանություններին թույլ չտալ Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքեր մատակարել։
«Իսրայելի ժողովուրդ, խնդրում եմ, ասեք ձեր կառավարությանը, որ դադարեցնի Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը: Այդ անօդաչուները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքները: Դուք տեսել եք լուսանկարները։ Դուք գիտեք՝ ովքեր են մեր թշնամիները»,- գրել է Թանկյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։










