Հաղթանակից հետո այն 5 հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ, ու առհասարակ կին հերոսուհիները այլ հպարտության թեմա են․ Արծրուն Հովհաննիսյան

13:09 • 11.10.20

Հաղթանակից հետո այն հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ու առհասարակ կին հերոսուհիները այլ հպարտության թեմա են։ Ափսոս, որ շատերի դեմքը բացել չենք կարող, հատկապես վեց ամսական երեխուն մոր հույսին թողած ու պատերազմ գնացած գեղեցկուհուն»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։