Կանգնած ենք հումանիտար աղետի առաջ․ բազմաթիվ բնակավայրերում ունենք հազարավոր չպայթած պայթուցիկ նյութեր. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
Ադրբեջանի ԶՈՒ-ն օգտագործել է արգելված զինատեսակներ, արգելված տեղերում և արգելված մեթոդներով, դրա հետևանքով ունեցել ենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ենթակառուցվածքային և գույքային վնասներ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ, որովհետև և՛ Ստեփանակերտում, և՛ մնացյալ բազմաթիվ բնակավայրերում ունենք հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր, չպայթած պայթուցիկ նյութեր, որոնք երկար տարիներ կարող են վտանգել քաղաքացիական բնակչությանը և հատկապես երեխաների կյանքն ու առողջությունը»,- ասաց նա և նշեց, որ արցախյան պատերազմից հետո ինքը ադրբեջանական ականի պայթյունից է վիրավորվել և կորցրել է տեսողությունը և իր նման հարյուրավոր երեխաների կորցրել են կյանքը և առողջությունը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն միտումնավոր է նման զինատեսակներ օգտագործում: «Այս առումով պատշաճ արձագանք և պատիժ պետք է լինի, և միջազգային հանրությունը անելիք ունի այս հումանիտար աղետը կանխարգելելու և այդ պայթուցիկ նյութերը մաքրելու հարցում»,-ասաց նա:
Արտակ Բեգլարյանը նկատեց, որ Ադրբեջանը վարձկան խմբեր է օգտագործում՝ Թուրքիայի գործուն աջակցությամբ և սա գոյաբանական խնդիր է Արցախի համար, նաև կարևոր է տարածաշրջանի կայունության համար:
«Սա պետք է համապատասխան կանոնավոր և խստագույն կերպով դատապարտվի և կանխարգելվի միջազգային հանրության շրջանակների կողմից, քանի որ սա միայն մեր պայքարը չէ, այլ բոլորիս պայքարն է համընդհանուր ահաբեկչության դեմ»,-ասաց նա:
Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ իրենց նախնական ուսումնասիրությամբ՝ վնասվել է 5800 մասնավոր գույք՝ տներ, խանութներ, ավելի քան 520 շարժական գույք, և ավելի քան 960 ենթակառուցվածքներ արտադրական կամ հանրային նշանակության օբյեկտներ վնասվել և ոչնչացվել են: Նա նշեց, որ տասնյակ միլիոնների վնաս է հասցվել, նույնիսկ սննդի պահեստներ են փորձել վնասել, թիրախավորել են ճանապարհները, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային կենտրոններ և եկեղեցին:
«Իրենք թիրախավորել են կրոնական օբյեկտներ, ինչը նույնիսկ իրենց բառապաշարով ասած՝ «հարամ» է և նույնիսկ այս գործողությանն են գնացել՝ հավանաբար նպատակ ունենալով մեզ հոգևոր, կրոնական տեռորի ենթարկել»,-ասաց նա:
Արտակ Բեգլարյանը խոսեց Ադրբեջանի կողմից հայատյացության մասին և նշեց, որ այն համակարգային բնույթ է կրում՝ սկսած դպրոցներից և մանկապարտեզներից:
Նա նշեց, որ միջազգային հանրությունը պետք է վերացնի Արցախի հանրության միջազգային մեկուսացումը, ներառի տարբեր ծրագրերում, քանի որ «մեր իրավունքները խախտվում են Արցախի չճանաչվածության պատճառով»: Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է սկսի ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, որը կանխարգելիչ միջոց կարող է լինել:
Անդրադառնալով Հադրութում հակառակորդի դիվերսիոն խմբերի կողմից կնոջ և նրա հաշմանդամ որդու սպանությանը՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ ներխուժել են տուն և գնդակահարել են և դա եղել է ահաբեկչություն:










