«Վտանգ կա, որ այս պատերազմը հայերի ցեղասպանության մի նոր փուլ կնախանշի». «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը դիմել է Շվեյցարիայի ԱԳՆ-ին՝ Լեռնային Ղարաբաղին աջակցելու կոչով
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Շվեյցարիայի կառավարությանը դադարեցնել զենքի արտահանումը և օգնություն ցուցաբերել, գրում է pressportal.ch կայքը:
Կազմակերպությունը կոչ է արել Շվեյցարիայի Դաշնային խորհրդին անհապաղ գործողություններ ձեռնարկել ՝ ի պատասխան Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի ջիհադիստների կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակմանը:
Կազմակերպության նախագահ Ջոն Էյբները Շվեյցարիայի արտգործնախարար Իգնասիո Կասիսին գրած նամակում զգուշացրել է, որ «իրական վտանգ կա, որ այս պատերազմը հայերի ցեղասպանության մի նոր փուլ կնախանշի, եթե մեծ տերություններն ու տարածաշրջանային դերակատարներն արագ և պատշաճ գործողությունների չդիմեն»։
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի վրա։ Թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանի ռազմական գործողություններին և այնտեղ է տեղակայել հազարավոր սիրիացի ջիհադիստների՝ Լեռնային Ղարաբաղում կռվելու համար։
1915-1923թթ․ քրիստոնյա հայերը Թուրքիայի կողմից ցեղասպանության են ենթարկվել։ 1990թ․ սկզբին ադրբեջանական պետությունը փորձում էր Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումներ իրականացնել։ Այսօրվա պատերազմն արդեն վկայում է ցեղասպանական նմանատիպ մտադրությունների մասին։ Ջոն Էյբներն իր նամակում նշում է՝ «երբ Ադրբեջանի նախագահն ազգային հեռուստատեսությամբ դիմում է իր երկրի բնակչությանը՝ հայերին անվանելով «շներ», կարող ենք վստահաբար ասել, որ կան ցեղասպանության բոլոր հիմքերը»։
Էյբները դիմել է արտգործնախարարին՝ հորդորելով «մեծ առաջնահերթություն տալ ցեղասպանության կանխարգելմանը և քաղաքացիական բնակչության պաշտպանությանը» և հրատապ մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին և տեղահանվածներին։
Կազմակերպության նախագահը կոչ է արել Դաշնային խորհրդին դուրս գալ քաղաքական երկարատև փակուղուց և ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այնպես, ինչպես Շվեյցարիան ոգևորությամբ օգնություն էր ցուցաբերում Կոսովոյին էթնոկրոնական պատերազմի (1998-1999թթ․) առաջին իսկ օրվանից։
Միջազգային քրիստոնեական համերաշխությունը միջազգային քրիստոնեական մարդասիրական կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, կրոնական ազատությունը և մարդկային արժանապատվությունը։










