Թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ հակառակորդի ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին. Արծրուն Հովհաննիսյան

22:53 • 11.10.20

Ադրբեջանական զինուժը թուրքական F-16 կործանիչների օգնությամբ հարվածային անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ որոշ տեղերում պահպանվել է համեմատական հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն լիարժեք հրադադարի ռեժիմի պահպանում չի իրականացվել, որը թույլ կտար դիակների և գերիների փոխանակում:

«Օրվա ընթացքում մենք հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես՝ օդային ղեկավարման կետերի կառավարմամբ 6 միավոր թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ մարտական ԱԹՍ-ները՝ իսրայելական և թուրքական արտադրության, հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին: Այդ գործողությունները կասեցվում են պաշտպանության ուժերի ՀՕՊ ուժերի կողմից»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր ադրբեջանական կողմից հնչեցվել են կեղծ հայտարարություններ, թե հայկական զինված ուժերը ևս խախտում է հրադադարը և կիրառում մեծ տրամաչափի զինատեսակներ՝ հարվածելով ադրբեջանական կողմին, սակայն այդ լուրերը կեղծ են և պաշտոնապես հերքվել են: Նրա խոսքով՝ այդ կերպ Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել իր հետագա գործողություների համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։