Երևանում Արցախի անկախությունը ճանաչելու կոչով ավտոերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

19:33 • 11.10.20

Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտից անցկացվել է «Ճանաչել Արցախը» կոչով ավտոերթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի անկախության ճանաչման կոչով երթը շարունակվել է դեպի Իսակովի պողոտա, Գարեգին Նժդեհի հրապարակ, Արշակունյաց, Խանջյան փողոցներով, այնուհետև դեպի Ազատության պողոտա, Կոմիտասի, Բաղրամյան, Սայաթ֊ Նովայի պողոտաներ, Աբովյան, Թումանյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Երևանի քաղաքապետարանի տարածքից դեպի հրապարակ:

«Ավտոերթի նպատակն է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Գլխավոր ուղերձը, որ հղում ենք աշխարհի երկրներին, Արցախի ճանաչումն է»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։