Բուենոս Այրեսում արգենտինահայերը բողոքի երթ են կազմակերպել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատներ (լուսանկարներ)
Արգենտինայի հայ համայնքը հոկտեմբերի 10-ին երթ է իրականացրել է դեպի Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ:
Ինչպես տեղեկացնում է Diario Armenia պարբերականը, երթը կազմակերպվել է Արգենտինայում հայկական ինստիտուտների (IARA) ջանքերով:
Բողոքի բազմամարդ երթերը, որոնց ժամանակ ցուցադրվել է «Արցախը Հայաստան է», «Խաղաղություն ենք ցանկանում», «Թուրքերը մարդասպաններ են» և այլ գրություններով պաստառներ, գրավել են տեղական մի շարք լրատվամիջոցների ուշադրությունը:
Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայ երիտասարդները համատեղ հայտարարություն են ընթերցել, որում ասվում է. «14 օր շարունակ մեր քույրերն ու եղբայրները, մեկ բռունցք դարձած, դիմագրավում են հակառակորդի դաժան հարձակումներին և միայնակ հակահարված են տալիս զավթիչին, որը ցանականում է գրավել այն, ինչ մերն է»:
Այնտեղից հայ համայնքը երթով շարժվել է դեպի թուրքական դեսպանատուն, որտեղ բարձրաձայնել է, որ «հենց Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել հայերի, ասորիների և պոնտացի հույների դեմ 105 տարի առաջ»: «Որտե՞ղ է և ի՞նչ է անում միջազգային հանրությունը՝ կանգնեցնելու համար այս նոր արյունարբու ինքնահռչակ սուլթանին»,- նշել են երթի մասնակիցերը:
Նշենք, որ արգենտինահայերը Բուենոս Այրեսում լայնամասշտաբ բողոքի ցույցեր էին կազմակերպել նաև հոկտեմբերի առաջին օրերին՝ կրկին հանրահավաք կազմակերպելով Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների դիմաց:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։















