Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, կդիմեմ ՀՀ-ին և մյուս երկրներին ճանաչելու Արցախի անկախությունը. ԱՀ նախագահ (տեսանյութ)
Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Կդիմեմ միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին, իհարկե, մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին», - ասաց նա։
ԱՀ նախագահը հավելեց՝ այո, այն պետությունները, որոնք աջակցում են Արբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին, պետք է նրանց ցուցակագրել և այդ երկրների ժողովորդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը: Նա ընդգծեց, որ այդ բոլոր իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության և ամենակարևորը՝ Աստծո առաջ:
«Բայց ամենակարևորը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, խոնարհվել այն իմ հայրենակցիների առաջ, որոնք չեն լսում մամուլի ասուլիսը, որոնք առաջնագծում են։ Նրանք ամեն վայրկյան հերոսություն են անում, հարյուրավոր, հազարավոր հերոսությունների մասին մենք հնարավորություն ենք ունենալու ներկայացնել, ուզում եմ ասել՝ ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, մարտական ընկերներ, խոնարհվում եմ, ինչպես ասում են՝ ձեր բոլորի ցավը տանեմ», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։










