Հատուկ պատրաստված խմբեր են մտցրել Հադրութ, որոնց նպատակը դիվերսիան չի եղել, այլ մինչև հրադադարը Հադրութը գրավելը, սակայն դա նրանց չի հաջողվել. Արայիկ Հարությունյան
Քանի որ Ալիևը հայտարարել էր, որ իբր գրավել են Հադրութ քաղաքը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել է՝ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքի ուղղությամբ: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ իրավիճակ է հիմա Հադրութում:
«Նրանք հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, պատրասված վարձկաններ և երևի այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր ու համատեղ ձևավորել են մի խումբ, որին ասենք «դիվերսիոն խումբ», բայց նպատակը դիվերսիան չի եղել, նպատակը եղել է ժամերի ընթացքում՝ նախքան այդ հրադադարը, գրավել Հադրութ քաղաքը»,- պարզաբանեց Հարությունյանը:
ԱՀ նախագահը հավելեց, որ նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և Հադրութի մոտակա տարածք. «Առաջին փուլում իրականացրել են ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևավորվել, վերադասավորվել և այսօր Հադրութ քաղաքի վարչական ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում: Րոպեներ առաջ հետը կապ եմ հաստատել ու եկել: Այլ փակագծեր չեմ բացի»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։










