Ադրբեջանական կողմից Արցախի դեմ վարձկանների կռվելու հերթական ապացույցը (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է շրջանառվում, որում արաբական արտաքին ու արաբերեն խոսող զինյալներն ինտենսիվ կրակ են վարում ինչ-որ ուղղությամբ: Այդ տեսանյութի ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ երևացող զինյալները մերձավորարևելյան երկրներից Թուրքիայի ջանքերով Ադրբեջան տեղափոխված վարձկաններ են, որոնք կռվում են Արցախի դեմ ընթացող ռազմական գործողությունների ժամանակ:
Այսպես, զինյալները կրում են Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայողների համազգեստ, իսկ արտասահմանյան մի շարք աղբյուրներով սեպտեմբերի 27-ից ի վեր հրապարակվող տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զորքերի կազմում մերձավորարևելյան երկրների Ադրբեջան տեղափոխված վարձկանները կրում են հենց այդ համազգեստը:
Տեսանյութում երևացող տեխնիկաներից երկուսը՝ զրահամեքենան և ամենագնացը, լայնորեն կիրառվում են Ադրբեջանի Զինված ուժերում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4569 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, ողջ օրվա ընթացքում հրթիռակոծել ու հրետակոծել Արցախի բազմաթիվ բնակավայրեր:










