Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել են ԱԻՆ ՃԿՊԱ-ի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը և Գևորգ Մուրադյանը

14:25 • 12.10.20

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը եւ Գևորգ Մուրադյանը։

Գոռը սովորում էր բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության հեռակա բաժնում, Գևորգը միջին մասնագիտական կրթական ծրագրի 2016-2019 թթ. շրջանավարտ էր։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված հերոսների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին:

Տղաների սխրանքն անմահ է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։