Մեր արտաքին քաղաքականությունը, ամբողջ հայությունը պետք է քայլերն ուղղեն, ամեն ինչ անեն, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում որևէ երկիր ճանաչի Արցախի անկախությունը. Միքայել Մելքումյան
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը եղել է ԱԺ-ում և տևել մոտ երկու ժամ, բայց քանի որ փակ հանդիպում էր, մանրամասներ չեմ կարող ասել: Քննարկվել է ստեղծված իրավիճակը, բավականին հարցեր են հնչեցվել, ելքերը քննարկվել, ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս առաջ շարժվել՝ սկսած ամենատարբեր քաղաքական և վերջացրած զուտ ռազմական բնույթի հարցերից. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով վարչապետի հետ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների երեկ կայացած հանդիպմանը:
Անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում չտեսնեն Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման համար՝ կդիմի ՀՀ-ին Արցախի անկախությունը ճանաչելու համար, Մ․ Մելքումյանը նշեց, որ իր կարծիքով՝ Արցախի ճանաչումը այս փուլում դիտարկվում է որպես Արցախի ժողովրդի անվտանգության և էթնիկ զտման գործոնի բացառման համար: Քանի որ, ըստ նրա, մի բան է, որ դու չճանաչված տարածքի հետ գործ ունես և մեկ այլ բան է, որ դու պաշտոնապես ճանաչում ես և որոշակի պարտավորություններ ես կրում այդ տարածքի և ժողովրդի նկատմամբ:
«Ես կարծում եմ, որ մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը, ամբողջ հայությունը պետք է քայլերն ուղղեն, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում, որ որևէ երկիր ճանաչի Արցախի անկախությունը: Դա կարող է լինել եվրոպական երկիր կամ Լատինական Ամերիկայի երկիր և ճանաչումից հետո արդեն հստակ է, որ մենք պետք է ճանաչենք: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, որ նա ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի անդամ է այստեղ և շատ բարդ է այդ առումով, բայց և բարդ չէ: Հիմա, երբ այս փուլում պատերազմ է ընթանում, ցեղասպանության ալիք է Թուրքիան իրականացնում, այս պարագայում խաղաղ կարգավորման մասին խոսք լինել չի կարող, այսինքն` այդ ձևաչափը Մինսկի խմբի կա՛մ պետք է փոխվի, կա՛մ վերաիմաստավորվի: Որ ասում եմ Ֆրանսիայի համար և՛ հեշտ է, և՛ բարդ, ելնում եմ այս հանգամանքից և մյուս հանգամանքը, որ Գ . Ծառուկյանը հայտարարություն արեց, որ ՌԴ-ի հետ լայն թափով պետք է վերականգնենք ռազմավարական գործընկերոջ, բնական դաշնակցի հարաբերությունները: Այսինքն՝ Ռուսաստանի ներկայությունը այս տարածքում պետք է լրիվ վերականգնվի: Ռուսաստանը պետք է լայն թափով արտահայտվի և՛ զինամթերքի մատակարարմամբ, և՛ անմիջական մասնակցությամբ: Առաջիկա օրերին շատ հարցեր պարզ կլինեն»,- ընդգծեց ԲՀԿ պատգամավորը:
Միքայել Մելքումյանը նշեց, որ Արցախի ճանաչումը պետք է լինի 132 պատգամավորի ձայնով, պետք է տեսնել, երբ է ճիշտ պահը, որ կարողանանք դրանով օգուտ տալ գործընթացին: Նրա խոսքով` ինչպես ինքն արդեն նշել է, առաջին քայլը ռազմաքաղաքական դաշինքի կնքումն է, և հետո ինչ-որ պահից Արցախի անկախության ճանաչումը. «Այսօր արտգործնախարարի հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին, հասկանանք՝ նրանք կարողանում են զսպել այդ ագրեսիան, թե ոչ, և ի՞նչ գին ենք վճարելու, եթե չի զսպվում այդ բոլորը, պետք է հաշվի առնել, և տեսնենք ճանաչման կետը»:










