Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ. կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հակառակորդի դեմ պայքարի և հետագա քայլերի ուղղությամբ:
Զրուցակիցները ողջունել են նման ձևաչափով մտքերի փոխանակությունը: Նշվել է, որ կախված իրավիճակից՝ նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։










