Հայրենական պատերազմը պետք է համարել մեկնարկած, ազգովի պետք է պայքարենք. Գագիկ Մելքոնյան

12:24 • 12.10.20

Հայրենական պատերզմն արդեն պետք է համարել մեկնարկած, ազգովի պետք է պայքարենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը:

«Հակառակորդն անգամ հումանիտար հրադադարը չի պահում: Մենք հյուսիսային հատվածում ենք, հակառակորդին անգամ իր դիերը չեն հետաքրքրում, այստեղ բազմաթիվ դիեր կան: Մեր բանակը կռվում է Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դեմ, չմոռանանք նաև այն, որ Իսրայելն էլ է այս ամենում ներգրավված»,-ասաց նա:

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ թե՛ զինվորը, թե՛ կամավորը վստահորեն կատարում են իրենց առաջ դրված խնդիրները:

«Տղաների դուխները տեղն է, հրադադարը միայն որոշ տեղերում է պահպանվում,  հրանոթային կրակոցներ, ռմբակոծություն արվում է, որոշ հատվածներում էլ, գիտեք, ներթափանցման փորձեր են իրականացվում»,-ասաց նա:

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ ստացվում է, որ հակառակորդը անտեսում է նաև ՌԴ-ի գործոնը, քանի որ հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը ՌԴ-ի միջամտությամբ է եղել:

«Ինչ ուզում է լինի, մեր զինվորի ոգին տեղն է, պատասխանը չի ուշանում, պատժիչ գործողությունները ևս»,-ասաց նա: