ՌԴ Առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացման թույլտվություն է տվել
ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր՝ ավելի թույլ տարբերակի անվտանգության, դյուրատարություն և իմունոգենության կլինիկական հետազոտությունների անցկացման թույլտվություն է տվել, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։
«Սպուտնիկ Լայթ-2020-ի» փորձարկումները կտևեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը․ դրան կմասնակցի 150 կամավոր:
Ավելի վաղ Գամալեայի անվան կենտրոնի (մշակել է «Սպուտնիկ V»-ը) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ պատվաստանյութի նոր` ավելի թույլ տարբերակով պատվաստվելուց հետո իմունիտետը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի երեք-չորս ամսվա ընթացքում, իսկ դրա արդյունավետությունը կկազմի մոտ 85 տոկոս: Պատվաստանյութը ենթադրում է միայն մեկ ներարկում և կարճ ժամանակահատվածում հակամարմինների ձևավորում։
Ընդ որում, եթե նույնիսկ պատվաստված անձը հետագայում վարակվի կորոնավիրուսով, նա հիվանդությունը թեթև կտանի, քանի որ վիրուսի հարուցիչը չի ընկնի թոքերի մեջ, նշել է գիտնականը:
Ինչպես հայտնել է Գինցբուրգը, ՌԴ բնակիչները պատվաստելու են «Սպուտնիկ V»-ով, իսկ ավելի թույլ տարբերակը ցանկանում են մատակարարել արտասահման։










