Ադրբեջանը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան. Արարատ Միրզոյան

15:21 • 28.04.23

Ադրբեջանը շարունակում է  Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան ու  շարունակական ագրեսիվ գործողությունները, որոնք սադրիչ են և հակասում են Պրահայի և  Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։

Հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ․

«Հակառակ միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է 2020 թվականի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումները, դա ստորագրումից  ավելի քան 2 տարի անց հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու  պատանդառված քաղաքացիական անձանց»,- նշել է Միրզոյանը։

Նա վերահաստատել է, որ հայկական կողմը հավատարիմ է  տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ  ջանքերի գործադրմանը, այդ նպատակով Հայաստանը շարունակում է  բանակցություններն  Ադրբեջանի հետ հարաբերությունների  կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ։

«Համապարփակ ու երկարատև կարգավորման համար  առանցքային են բոլոր առկա խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման  լուծելու հրամայականը  և միջազգայնորեն երաշխավորված երկխոսության ֆորմատի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը»,- ասել է Միրզոյանը։