Երևանում պայքարը մեր ու ՔՊ-ի մեջ է լինելու, մեր կարմիր գծերն ընդունող ուժերի հետ կգործակցենք․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

20:50 • 28.06.23

Երևանում պայքարը մեր ու ՔՊ-ի մեջ է լինելու, մեր կարմիր գծերն ընդունող ուժերի հետ կգործակցենք։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը․

«Հասարակությունը հոգնել է նախկիններ-ներկաներ պայքարից ու դա ցույց է տալիս։ Կանենք առավելագույնը, որ Երևանի ընտրություններում պայքարը նախկին-ներկա, մեղավոր-դավաճան սկզբունքով չլինի։ Եթե մեր սկզբունքների հետ համաձայն ուժեր լինեն, պատրաստ ենք անկախ ընտրության արդյունքներից, եթե անգամ անհրաժեշտություն էլ չլինի, կոալիցիա կազմել։

Երևանի ընտրությունները մեզ համար երկրում իշխանափոխության ճանապարհի կարևորագույն հանգրվան է։ Տարբեր համայնքներում մենց ցույց ենք տվել, որ ընտրությունների միջոցով կարելի է հաղթել ՔՊ-ին։ Եթե այսօր ընտրություն լինի, ապա Ալավերդիում, Նոյեմբերյանում ու Տաթևում ավելի շատ ձայն կստանանք»,-ասել է Առաքելյանը։

Նա նշել է, որ պոպուլիստական ու անիրականանալի խոստումներ չեն տալիս և չեն հիասթափեցրել իրենց ընտրողներին։ Երևանում ևս կարևորում են ծրագրերի պայքարը, որպեսզի քաղաքացին տեսնի, թե ինչ ապագա է սպասվում մայրաքաղաքին։ Մի շարք մեգանախագծերից Առաքելյանն առանձնացրեց ճոպանուղու ծրագիրը, համոզված են, որ դա Երևանի տրանսպորտային խնդիրները լուծելու ամենաարդյունավետ տարբերակն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․