Երշովայի բաժնետեր դառնալով պատժամիջոցները շրջանցելու փորձ չի արվել․ ԶՊՄԿ-ի պարզաբանումը
Tert.am-ը այսօր նյութ էր հրապարակել այն մասին, որ չնայած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը պնդում է, որ իրենք պատժամիջոցային որևէ ցանկում չկան և պատժամիջոցի ենթակա չեն, սակայն ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ԶՊՄԿ բաժնետերերի ցանկում ներառված է Տրոցենկոների հետ բիզնես առումով փոխկապակցված Սվետլանա Երշովան։
Նա Տրոցենկոների կորպորացիաներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել և զբաղեցնում։ Նախկինում Երշովան AEON կորպորացիայի փոխնախագահն էր։ Կորպորացիայի սեփականատերը Ռոման Տրոցենկոն է։
Ավելի ուշ Երշովան Տրոցենկոյի անվան հետ կապվող «Պրոֆի» ընկերության 99.01 տոկոսի բաժնետերն է դառնում, այս ընկերության ՌԴ մի քանի քաղաքներում օդանավակայաններ է շահագործում։
Ամերիկյան համապատասխան կառույցները վերը նշված փաստերը կարող են դիտարկել, որպես Տրոցենկոների պատժամիջոցները շրջանցելու փորձ։
Tert.am-ն այս հարցով դիմեց ԶՊՄԿ՝ պարզաբանումներ ստանալու համար։
Կոմբինատից մեկնաբանեցին, որ Սվետլանա Երշովան ԶՊՄԿ բաժնեմասերը ձեռք է բերել օրինակ ճանապարհով՝ առանց պատժամիջոցների ցուցակները շրջանցելու փորձ անելու, այսինքն՝ ամերիկյան իշխանությունը չի արգելել վաճառելու կոմբինատի բաժնեմասերը։
«ԶՊՄԿ-ն որևէ սանկցիոն ցուցակի մեջ չի գտնվում և իր սեփականատերերից որևէ մեկը նույնպես սանկցիոն ցուցակի մեջ չի գտնվում»,- նշեցին կոմբինատից։
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական ընդլայնումն ազդել է նաև գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։
Հայտնի է, որ Տրոցենկոների ընտանիքին է պատկանում GeoProMining հանքարդյունաբերական ընկերությունը, որը միավորում է տարբեր հանքարդյունաբերական ակտիվներ, այդ թվում՝ ոսկու, պղնձի և մոլիբդենի արդյունահանումը Հայաստանում և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Ըստ լրատվամիջոցների՝ Ռոման Տրոցենկոն ԶՄՊԿ-ի իր բաժնետոմսերը հանձնել էր որդուն, և 2022 թվականի ապրիլից հենց նա է հանդիսանում ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը։
Սա ենթադրում է, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են տարածվել ԶՄՊԿ-ի վրա։










