Աշխատավարձերը, ամենապահանջված մասնագիտություններն ու աշխատաշուկան՝ 2024-ին. վերլուծություն

15:36 • 13.01.25

Tert.am-ը ներկայացնում staff.am-ի  վերլուծությունը՝ նվիրված աշխատաշուկային։


«ՀՀ Աշխատաշուկա 2024»-ի հիմնական ենթաբաժիններն են

* 2024 թ․-ի ամենապահանջված մասնագիտությունները և դրանց համեմատությունը 2023թ.-ի տվյալների հետ:

* Ամենաակտիվ գործատուները՝ ըստ գործունեության ոլորտի:

* Մարզային հաստիքների ուսումնասիրություն, ամենաակտիվ մարզային քաղաքներ, համեմատականներ՝ 2022-2023թթ. հետ, ամենաակտիվ մարզային գործատուներ, մարզային միջին աշխատավարձեր:

* ՀՀ-ում աշխատավարձերի ուսումնասիրություն ըստ տնտեսական ոլորտների, ըստ սեռի և կազմակերպության չափի:

* Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ֆինանսաբանկային, Հեռահաղորդակցություն, Ներկրում/Արտահանում/Առևտուր և Արտադրության ոլորտների մանրամասն ուսումնասիրություն, այդ թվում միջին աշխատավարձեր։

Աշխատաշուկայի մակրոտնտեսական ցուցանիշների մասով տվյալների համար օգտագործվել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) կողմից հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը, իսկ աշխատավարձերի մասով վերլուծության մեջ կիրառվել են ինչպես ՀՀ ՎԿ, այնպես էլ staff.am տվյալները։  Վերլուծության շրջանակներում ուսումնասիրվել է մոտ 69,500 աշխատանքի հայտարարություն՝ 2022-2024թթ. ժամանակահատվածի համար:

1) 2024 թ.-ի ամենապահանջված 20 մասնագիտական ոլորտները և դրանց համեմատությունը 2023թ.-ի տվյալների հետ

Բանկային ոլորտը ամենաակտիվն է եղել հավաքագրման առումով, ինչը վկայում է նաև «Բանկային և վարկային գործ» մասնագիտության պահանջարկի շարունակական աճի մասին, որն արձանագրվել էր նաև 2023 թվականին՝ համեմատած 2022-ի հետ։
                                                                                                       

Ծրագրավորման մասնագետների պահանջարկը 2024 թվականին աննշան նվազել է 2023 թվականի համեմատ  և հասել է իր նվազագույն մակարդակին վերջին 7 տարիների ընթացքում։ Չնայած դրան, ծրագրավորման մասնագետների պահանջարկը ՀՀ աշխատաշուկայում շարունակում է պահպանել իր տեղը թոփ եռյակում։

 Փաստացի, եթե ամփոփենք 2024թ. ամենապահանջված մասնագիտությունները, ապա վստահորեն կարող ենք ասել՝ պահանջարկի աճ են գրանցել ոչ-ՏՏ մասնագիտությունների մեծ մասը, սակայն եթե համեմատենք 2023թ.-ին առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած մասնագիտությունների աճը 2022թ.-ի նկատմամբ, ապա 2024թ.-ի աճն այդքան կտրուկ չի եղել:

2) 2023-2024թթ. համեմատական վերլուծություն ըստ 20 ամենաակտիվ ոլորտների (գործատուների)

Ֆինանսաբանկային ոլորտը 2024 թվականին ակտիվությամբ գերազանցել է պատմականորեն ամենաակտիվ ՏՏ ոլորտին։ Այս տարի հայտարարված թափուր հաստիքների մոտ 30%-ը բաժին է հասել ֆինանսաբանկային ոլորտին, ինչը 3 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: 

3) Մարզային ակտիվության և աշխատավարձերի վերլուծություն

Այս ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, թե ակտիվության ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել մարզային հավաքագրման առումով, եթե համեմատենք 2022 և 2023թթ.-ի հետ։ 2023թ.-ի մարզային ակտիվությունը մի փոքր անկում է ապրել 2024թ.-ին՝ հավասարվելով 2022թ.-ին՝ հիմնականում պայմանավորված լինելով Վանաձոր և Գյումրի քաղաքների ակտիվության անկմամբ։


Մարզային հաստիքների վերլուծությունը շարունակելով՝ անդրադառնում ենք ամենաբարձր պահանջարկ ունեցող մասնագիտություններին։ Հաշվի առնելով, որ ամենամեծ մասնաճյուղերի ցանցը մարզերում ունեն բանկերն ու վարկային կազմակերպությունները, ամենամեծ պահանջարկը վերագրվում է հենց բանկային և վարկային մասնագետներին։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա կատարվել է համեմատական վերլուծություն Երևանում և ՀՀ մարզերում միջին ամսական աշխատավարձի միջև։

Երևանում և Սյունիքում միջին ամսական աշխատավարձի մակարդակները բավականին մոտ են։ Սա հիմնականում պայմանավորված է մարզում հանքարդյունաբերության խոշոր գործատուների առկայությամբ։ Ամենացածր աշխատավարձերը վճարվում են Գեղարքունիքի և Շիրակի մարզերում։ Բոլոր մարզերում գրանցվել է աշխատավարձի աճ, բացառությամբ Տավուշի մարզի:

4) Ամսական միջին աշխատավարձն ըստ սեռի և տնտեսական գործունեության ոլորտի

Գրաֆիկում ներկայացված է ըստ տնտեսական ոլորտի՝ ընդհանուր, տղամարդկանց և կանանց աշխատավարձի մեծությունները։ Հատկանշական է, որ Տեղեկատվություն և կապ տնտեսական ոլորտը, որի միջին աշխատավարձի բարձր լինելը հիմնականում պայմանավորված է ՏՏ ոլորտով, լինելով առաջատարը միջին աշխատավարձի չափով, զիջում է տղամարդկանց միջին աշխատավարձին՝ Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենաբարձր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու կապը, Ֆինանսաբանկային ոլորտն ու Հանքարդյունաբերությունը, տղամարդկանց աշխատավարձը զգալի բարձր է կանանց վճարվող աշխատավարձից։

Տարբերությունն ամենացայտունն արտահայտված է Ֆինանսական ոլորտում՝ կազմելով մոտ 66%։ Մյուս ոլորտներում, ինչպիսիք են Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու կապը, կազմում է 40,7%, իսկ Հանքարդյունաբերությունը՝ 30%: Սա հնարավոր է պայմանավորված է նրանով, որ այս ոլորտներում ամենաբարձր վարձատրվող հաստիքները (տնօրեն, դեպարտամենտի տնօրեն, բարձր օղակի ղեկավար և այլն) հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ:

5) Նեղ ոլորտային ուսումնասիրություն՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ֆինանսաբանկային համակարգ, Հեռահաղորդակցություն, Ներկրում/ Արտահանում/Առևտուր, Արտադրություն ոլորտներում

* Տեղեկատվական տեխնոլոգիաներ:

* Միջին աշխատավարձը (հարկերը ներառյալ)՝ 1,125,000 ՀՀԴ, որն ամենաբարձրն է Հայաստանում:

* staff.am-ում առաջատար ոլորտներից է, բոլոր աշխատանքների մոտ 27%-ը բաժին է ընկնում ՏՏ-ին:

* Ոլորտում աշխատող մասնագետների թվաքանակը՝ մոտ 31,848։

* Ոլորտի ամենաակտիվ և ամենախոշոր գործատուները՝ SoftConstruct և Digitain:

* Ամենապահանջված մասնագիտությունը՝ ծրագրավորում:

* Ամենահաճախ հանդիպող տեխնոլոգիան աշխատանքի հաստիքներում՝ JavaScript/JS Frameworks:

*Ամենապահանջված սոֆթ հմտությունը՝ «Ժամանակի կառավարում»:

Ֆինանսաբանկային ոլորտ

* Միջին աշխատավարձը (հարկերը ներառյալ)՝ 838,000 ՀՀԴ, որը երկրորդ ամենաբարձրն է ՀՀ-ում:

* staff.am-ում առաջին ամենաակտիվ ոլորտն է։ Բոլոր աշխատանքների մոտ 29%-ը բաժին է ընկնում Ֆինանսաբանկային ոլորտին:

* Ոլորտում աշխատող մասնագետների թվաքանակը՝ մոտ 22,844։

* Ոլորտի ամենաակտիվ գործատուներն ըստ staff.am-ի տվյալների՝ Fast Bank CJSC և Արդշինբանկ ՓԲԸ :

* Ամենապահանջված մասնագիտությունը՝ Բանկային և վարկային գործ:

* Ամենապահանջված սոֆթ հմտությունները՝ «Ժամանակի կառավարում» և «Թիմում աշխատելու ունակություն»։

Հեռահաղորդակցության ոլորտ

* Միջին աշխատավարձը (հարկերը ներառյալ)՝ 458,000 ՀՀԴ:

* staff.am-ում հինգերորդ ամենաակտիվ ոլորտն է։ Բոլոր աշխատանքների մոտ 5%-ը բաժին է ընկնում Հեռահաղորդակցության ոլորտին:

* Ոլորտում աշխատող մասնագետների թվաքանակը մոտ՝ 13.019:

* Ոլորտի ամենաակտիվ գործատուները՝ ըստ staff.am-ի տվյալների՝ Maurice Ward Armenia, Mobile Centre , Galaxy Group of Companies  և Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ  :

* Ամենապահանջված մասնագիտությունը՝ վաճառքի և սպասարկման կազմակերպում։

Արտադրության ոլորտ

* Միջին աշխատավարձը (հարկերը ներառյալ)՝ 252,000 ՀՀԴ:

* staff.am-ում չորրորդ ամենաակտիվ ոլորտն է։ Բոլոր աշխատանքների մոտ 5.5%-ը բաժին է ընկնում այս ոլորտին:

* Ոլորտի ամենաակտիվ գործատուներն ըստ staff.am-ի տվյալների Աթենք, Bacon  և Կոկա-Կոլա:

* Ամենապահանջված մասնագիտությունը՝ վաճառքի և սպասարկման կազմակերպում։ 

 

Աշխատավարձերը, ամենապահանջված մասնագիտություններն ու աշխատաշուկան՝ 2024-ին. վերլուծություն