Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը (լուսանկարներ)
Ucom-ը` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, միանում է Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի օրակարգին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտում տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ու նոր նախաձեռնությունները։
Ucom-ի մասնակցությունը կներառի մի շարք բնապահպանական, մասնագիտական և հանրային միջոցառումներ։ COP17-ին ընդառաջ՝ հոկտեմբերի 17–18-ին առաջին անգամ կկազմակերպվի Երևանի Բնապահպանական սիմպոզիում 2026-ը (Yerevan Conservation Symposium 2026), որտեղ Ucom–ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր։ Այս հարթակը հավակնում է հետագայում դառնալ COP-ի ձևաչափի մաս և նախատեսում է միջազգային բնապահպանական ու գործարար համայնքի լայն մասնակցություն։
«COP17-ը Ucom-ի համար նոր բնապահպանական օրակարգի սկիզբ չէ։ Այն հնարավորություն է տարիների ընթացքում մեր գործընկերների հետ իրականացրած աշխատանքը շարունակելու և ավելի լայն՝ նաև միջազգային հարթակում ներկայացնելու համար։ Որպես տեխնոլոգիական ընկերություն՝ մեր պատասխանատվությունը տեսնում ենք ոչ միայն մարդկանց որակյալ կապով ապահովելու, այլև տեխնոլոգիական հնարավորությունները Հայաստանի համար կարևոր խնդիրների լուծմանը ծառայեցնելու մեջ։ Բնության պահպանությունը հենց այդ ուղղություններից մեկն է», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

COP17-ի մեկնարկից՝ հոկտեմբերի 19-ից, Ucom-ը ներգրավվածություն և ներկայություն կունենա Կանաչ և Կապույտ գոտիներում։ Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական կինոփառատոնի բացումը, Կանաչ և Կապույտ գոտիներում Ռալֆ Յիրիկյանը կմասնակցի մասնագիտական քննարկումների, նախատեսվում է նաև Հայաստանի կենսաբազմազանության մասին պատկերազարդ մանկական գրքի շնորհանդեսը։
Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը ձևավորվել է COP17-ից տարիներ առաջ և ներառում է բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների մի շարք ծրագրեր։
«COP17-ը բացառիկ պատմական հնարավորություն է Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաներն ու բնապահպանությունը միավորվել հանուն էկոհամակարգերի պաշտպանության։ Ucom-ի հետ մեր տարիների վստահելի գործընկերությունը վառ ապացույց է, որ տեխնոլոգիական լուծումները՝ արհեստական բանականությունից մինչև վերականգնվող էներգիա, վայրի բնության պահպանության անփոխարինելի գործիք են։ Մենք միասին ոչ միայն պաշտպանում ենք Հայաստանի կենսաբազմազանությունը, այլև ստեղծում ենք կայուն ապագայի հաջողված մոդել, որը պատրաստ ենք արժանապատվորեն ներկայացնել միջազգային հանրությանը», - նշել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ucom-ի և FPWC–ի համագործակցության ուղղությունները
Ucom-ի և FPWC–ի համագործակցության շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում տեղադրվել է 18 արևային կայան, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Ucom-ի աշխատակիցների մասնակցությամբ տնկվել է շուրջ 40 000 ծառ, դպրոցներում տեղադրվել են թռչունների դիտարկման 10 խելացի տեսախցիկ-կերակրամաններ, ինչպես նաև 6 արևային էլեկտրական ցանկապատ Վայոց ձորում՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։ Վեդիում և Ուրցաձորում Ucom-ն ապահովել է ջերմատեսիլ տեսախցիկների համակարգերի համար անհրաժեշտ ինտերնետ կապը, իսկ դժվար հասանելի տարածքներում մոնիթորինգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրվել են արևային էներգիայով աշխատող 2 ինքնավար կայաններ։ Բացի այդ, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին տրամադրվել է երկու ամենագնաց մեքենա՝ պահպանության աշխատանքներին աջակցելու նպատակով։

Համագործակցության տեխնոլոգիական ուղղությունը շարունակվել է նաև նոր լուծումներով․ Երկվորյակ լճերի տարածքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող մոնիթորինգային տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս շուրջօրյա վերահսկել բնապահպանական առումով զգայուն տարածքները և հետևել վայրի բնությանը՝ առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու։ Ucom-ը տարիներ շարունակ աջակցել է նաև «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի անցկացմանը։ Ընկերության բնապահպանական օրակարգի շրջանակում իրականացվել է գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի համապարփակ գնահատում՝ հետագա նվազեցման ուղղությունները սահմանելու նպատակով։











