Երբ այդ ընդդիմությունն իշխանություն էր, սովոր էր, որ պետք է հարկեր չվճարի, ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության՝ հարկային բեռի ծանր լինելու մասին հայտարարությանը. Փաշինյան
Ես լիարժեք ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը՝ հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև երբ այդ ընդդիմությունն իշխանություն էր, սովոր էր, որ իրենք պետք է հարկեր չվճարեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ հարկային բեռը ծանր լինելու մասին խոսույթին, շրջանառության հարկը հանելու խոստմանն ու ՓՄՁ-ների համար հատուկ պայմաններ ստեղծելուն:
«Բնականաբար, երբ հիմա նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում՝ դա ծանր է իրենց համար, որովհետև իրենք բիզնեսմեններ չեն, այլ կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու և ջերմոցային պայմաններում փող աշխատելու ու թալանելու մասնագետներ, այնպես որ հասկանալի է:
Ինչ վերաբերվում է փոքր և միջին բիզնեսին՝ ուզում եմ հիշեցնել, որ մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ: Մենք առաջիկայում տեսնում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու հնարավորություն, որպեսզի նրանք, ովքեր իրոք փոքր են, աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից:
2018 թվականից հետո պարզվեց, որ շատ խոշոր բիզնեսներ ինքնակտրտման են ենթարկվում և դառնում են փոքր բիզնեսներ՝ խուսափելով հարկերից: Նրանք, ում հանրային խոսույթը հարկերի դեմոնիզացիան է, ուզում են չեղարկել առողջության ապահովագրությունը, թոշակների բարձրացումը, կասեցնել դպրոցների և մանկապարտեզների շինարարությունը: Կա հարկ, կա բարեկեցություն»,- նշել է Փաշինյանը:














