Հունգարիայի խորհրդարանը վարչապետի պաշտոնավարումը uահմանափակել է երկու չորսամյա ժամկետով

10:01 • 16.06.26

Հունգարիայի նորընտիր խորհրդարանը հավանություն է տվել երկրի Հիմնական օրենքում 16-րդ փոփոխությանը, որը սահմանափակում է ցանկացած անձի պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում երկու չորսամյա ժամկետով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս որոշմանը կողմ է քվեարկել 134 պատգամավոր, դեմ՝ 50, ձեռնպահ է մնացել վեցը»,- հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Քրիստիան Քյոսեգին, որը վարում էր ազգային հեռուստաընկերությունների կողմից ուղիղ եթերով հեռարձակվող նիստը։

Պատգամավորների հավանությանը արժանացած օրինագիծը հետադարձ ուժ ունի։ Դրա գործողությունը տարածվում է 1990 թվականից սկսած վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձանց վրա, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի։ Հիմնական օրենքի փոփոխության համաձայն, որը դեռ պետք է հաստատվի Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկի կողմից, նախկին վարչապետն այլևս չի կարողանա հավակնել այդ պաշտոնին։ Օրբանը երկրի կառավարությունը գլխավորել է հինգ ժամկետ՝ սկզբում 1998-2002 թվականներին, իսկ այնուհետև՝ 2010-ից մինչև 2026 թվականը։

Սահմանադրական փոփոխության նախագիծը խորհրդարան էր ներկայացվել Պետեր Մադյարի գլխավորած նոր կառավարության կողմից. վերջինս ապրիլի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդն է։ Այն տնօրինում է պատգամավորական մանդատների ավելի քան երկու երրորդին, և փաստաթղթի ընդունումը կասկած չէր հարուցում։ Պատգամավորների ձայները բաժանվել են խստորեն ըստ կուսակցական պատկանելության. «Տիսա»-ի խմբակցությունը սատարել է նախաձեռնությունը, իսկ Օրբանի գլխավորած «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ներկայացուցիչները և նրանց կրտսեր գործընկերները՝ քրիստոնյա դեմոկրատները, դեմ են արտահայտվել։

Հունգարիայի խորհրդարանը վարչապետի պաշտոնավարումը uահմանափակել է երկու չորսամյա ժամկետով