ԱՄՆ Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են մաhшպատժի ենթարկել կնոջ
ԱՄՆ Թենեսի նահանգում սեպտեմբերի 30-ին հնարավոր է մահապատժի ենթարկվի 50-ամյա Քրիստա Փայքը։ Եթե դատավճիռը ի կատար ածվի, նա կդառնա վերջին 200 տարվա ընթացքում նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը։ Այս մասին հայտնել է The Guardian թերթը։
1995 թվականին 18-ամյա Փայքը սպանել է 19-ամյա համակուրսեցուն։ Հետաքննության վարկածով՝ Փայքն ու նրա 17-ամյա ընկերը զոհին խաբեությամբ տարել են անտառ, որտեղ մոտ կես ժամ խոշտանգել են նրան։
Քննությունը պարզել է, որ հանցագործությունն առանձնացել է հատուկ դաժանությամբ. մահացածի մարմնի վրա սատանայական խորհրդանիշ են կտրել։ Սպանությունից հետո Փայքը վերցրել է զոհի գանգի հատվածը։
1996 թվականին դատարանը Փայքին մեղավոր է ճանաչել և մահապատիժ նշանակել։ Նրա հանցակցին դատապարտել են ցմահ ազատազրկման, քանի որ հանցագործության պահին նա 18 տարեկան չէր եղել։
Դատապարտյալի պաշտպանությունը մինչև վերջ հասել է ներման։ Փաստաբանները Թենեսիի նահանգապետին են ուղարկել 226 էջանոց միջնորդություն, որում նշել են Փայքի ծանր մանկության, վերապրած սեռական բռնության, ինչպես նաև նրա մոտ ախտորոշված երկբևեռ և հետտրավմատիկ խանգարումների մասին։
Պաշտպանությունը պնդել է, որ մահապատիժը չի համապատասխանում հանցագործության բնույթին, որը Փայքը գործել էր դեռահաս տարիքում՝ վերապրած տրավմաներից հետո։ Սակայն Թենեսիի նահանգապետը մերժել է ներման խնդրանքը։
Նահանգում կնոջ նախորդ մահապատիժը տեղի էր ունեցել 1819 թվականին։ Եթե Փայքի դատավճիռն իրականացվի սեպտեմբերի 30-ին, նա կդառնա Թենեսիում վերջին երկու դարում մահապատժի ենթարկված առաջին կինը։










