Երբ Իրանի նախագահը ՀՀ վարչապետին հրապարակավ ներկայացնում է այդպիսի նյութ, դա վկայում է, որ կա Հայաստանի քաղաքականության հանդեպ խիստ բացասական վերաբերմունք․ Բադալյան
Արտաքին գործերի նախարար Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Իրան՝ հոկտեմբերի 4–5։ Ըստ կարճ հաղորդագրության, այցի օրակարգում երկկողմ հարաբերությունն է ու ռեգիոնալ թեմաներ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Իրանի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մի քանի օր առաջ՝ Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ շրջանակում։ Հետո ոտքի վրա զրույց եղավ Միրզոյանի եւ Իրանի ԱԳ նախարար Արաղչիի միջեւ։ Մեծ հավանականությամբ, իրանական կողմն է «կանչել» Հայաստանի ԱԳ նախարարին, այն նկատառումով, որ ունի Երեւանի հետ քննարկելու հարցեր եւ գուցե անելու հարցադրումներ։ Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ Մասուդ Փեզեշկիանը Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել գիրք՝ «ամերիկյան օգնության» բավականին հեգնական խորագրի ներքո, որտեղ ցույց էր տալիս, թե ԱՄՆ՝ օգնության հռչակագրերի ներքո ինչպիսի վնասներ է պատճառել Իրանին, այդ թվում հարվածներ հղելով խաղաղ քաղաքացիական օբյեկտներին։
Երբ Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին հրապարակավ ներկայացնում է այդպիսի նյութ, ապա դա վկայում է այն մասին, որ կա Հայաստանի քաղաքականության հանդեպ խիստ բացասական վերաբերմունք և անվստահություն։
Իհարկե չի բացառվում, որ դրանից հետո Երեւանն է հայցել իրանական կողմից ԱԳ նախարարի ընդունելութուն՝ անհրաժեշտ պարզաբանումների համար։
Միրզոյանի այցի պարագայում հետաքրքիր է թերեւս մի հանգամանք՝ քննարկվելո՞ւ է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցը, որի ակնկալիքը Թեհրանը շաբաթներ առաջ հայտնել է Հայաստանում իր դեսպան Շիրղոլմիի ասուլիսի ընթացքում»,-գրել է նա։














