«Նոայի» գլխավոր մարզիչը ծավալուն հարցազրույցով ամփոփել է Հայաստանում անցկացրած իր առաջին ամիսը (տեսանյութ)
«Նոայի» գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիան միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ ամփոփելով Հայաստանում անցկացրած իր առաջին ամիսը։
Ուրուգվայցի մասնագետը խոսել է «Նոան» գլխավորելու որոշման, թիմում աշխատանքի առաջին շրջանի, հանդիպած դժվարությունների և այն ֆուտբոլային գաղափարների մասին, որոնք ցանկանում է ներդնել թիմում։ Գարսիան անդրադարձել է նաև ակումբի ենթակառուցվածքներին՝ բարձր գնահատելով «Նոայի» մարզաբազայում ստեղծված պայմանները։ «Կարծում եմ՝ միայն ամենամեծ ակումբները, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», կարող են ավելի բարձր մակարդակի մարզաբազա ունենալ։
Այստեղ եղածը կարող է մրցել Իսպանիայի կամ ցանկացած այլ երկրի գրեթե ցանկացած ակումբի հետ»,- նշել է «Նոայի» գլխավոր մարզիչը։ Հարցազրույցի ընթացքում Գարսիան խոսել է նաև երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման և նրանց հիմնական թիմում հնարավորություն տալու կարևորության մասին։
Մարզիչը ներկայացրել է իր պատկերացումները թիմի խաղաոճի վերաբերյալ և նշել, թե ինչ է պատրաստ տալ ակումբին իր աշխատանքի ընթացքում։ Պաբլո Գարսիան նաև դիմել է «Նոայի» երկրպագուներին՝ կոչ անելով ավելի հաճախ ներկա գտնվել թիմի հանդիպումներին և աջակցել ֆուտբոլիստներին մարզադաշտից։










