Կանաչ օրակարգ, պատասխանատու բիզնես. միջազգային ընկերություններն ու պետությունը միավորում են ջանքերը COP17-ում (տեսանյութ, լուսանկարներ)
Կենսաբազմազանության պահպանությունը վաղուց դադարել է լինել միայն բնապահպանների նեղ մասնագիտական կամ ակադեմիական քննարկումների թեմա։ Այսօր գլոբալ մակարդակում, հատկապես նման մասշտաբի հեղինակավոր հարթակներում, ինչպիսին COP17-ն է, հիմնական օրակարգը մեկն է՝ ինչպես համատեղել տնտեսական զարգացումը, գործարար ակտիվությունը և մոլորակի բնական հարստությունների՝ անտառների, ջրային ռեսուրսների ու էկոհամակարգերի փրկությունը։

«Նման միջոցառումների կարևորությունը, կարծում եմ, մեր երկրի համար դժվար է թերագնահատել և գերագնահատել, որովհետև հնարավորություն է տալիս մեր երկիրը դնել համաշխարհային միջազգային քարտեզի վրա և ցույց տալ, որ մենք անմասն չենք կարևորագույն գլոբալ գործընթացներից, ինչպիսին է հենց կենսաբազմազանության կոնվենցիան: Եվ մենք՝ որպես բիզնես ասոցիացիա, նաև կարևոր ենք համարում ցույց տալ այն աշխատանքը, որը տարվում է մեր անդամ ընկերությունների, կազմակերպությունների կողմից այս մասով, և ցույց տալ այն բոլոր պրակտիկաները, որոնք կիրառվում են մեր ընկերությունների կողմից կենսաբազմազանության մասով, ինչպես նաև վնասի կրճատման մասով»,-ասել է Հայաստանի ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Աննա Ներսեսյանցը։
Այս հարթակը համախմբում է տեղական ու միջազգային կառույցներին, բիզնեսին և գիտական համայնքին՝ քննարկելու բնապահպանական հրատապ խնդիրներն ու լավագույն պրակտիկաները։ Գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են կոլեկտիվ ջանքեր։ Այս համատեքստում իրենց ռազմավարական մոտեցումներն ու բնապահպանական հանձնառությունն են ներկայացնում նաև մասնավոր սեկտորի առաջատար ներկայացուցիչները:

«Ֆիլիպ Մորրիս-ում մեր հավակնություններից մեկն է՝ պահպանել բնությունը, անտառները և ջուրը մեր գործառնությունների և լայն արժեշղթայի շրջանակում: Ահա թե ինչու ենք մենք այստեղ: Եվ երբ խոսքը վերաբերում է պատասխանատու բիզնեսներին, պատասխանատու բիզնես վարելուն, մենք այս հավակնությունը վերածում ենք չափելի արդյունքների և չափելի նպատակների: Նպատակներից մեկն է՝ հասնել զրոյական ազդեցության էկոհամակարգերի վրա այն տարածքներում, որտեղ մենք գործում ենք, և մեր ամբողջ արժեշղթայում»,-նշել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ռիեզնիկովը։

Մարդկային ռեսուրսների պատասխանատու կառավարմանը զուգահեռ՝ «Ֆիլիպ Մորրիս»-ը հատուկ ուշադրություն է դարձնում նաև բնապահպանական ազդեցության նվազեցմանն ու էկոհամակարգերի պահպանմանը։
Բնապահպանական ծրագրերին զուգահեռ՝ ընկերությունը, որպես պատասխանատու բիզնես, կարևորում է անչափահասների կողմից ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի հասանելիության բացառումը։ Բացի այդ, ընկերության կարևոր առաջնահերթություններից է՝ բարելավել ծխից զերծ արտադրանքի հասանելիությունը չափահաս սպառողների համար։
Կանաչ օրակագրը առաջնահերություն է նաև Պետական եկամուտների կոմիտեի համար։ միջազգային գործընկերության շրջանակում Երևանում և Սյունիքում նախատեսվող մաքսային ու լոգիստիկ կենտրոնները լիովին համապատասխանելու են «կանաչ» շինարարության միջազգային չափանիշներին։
«Պետք է նշեմ, որ օրինակ համաշխարհային մաքսային կազմակերպության ջանքերը կանաչ օրակարգի ամրապնդման գործում․ իրենք ունեն նախաձեռնություն, որը կոչվում է «Կանաչ մաքսատուն» գործողությունների ծրագիր, որը ներդնում ենք մենք՝ անդամ պետություններս, և դա ներդրված է նաև պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության մեջ՝ սկսած թափոնների ոչնչացումն ինչ եղանակով պետք է լինի, շրջակա միջավայրի վնաս չպատճառող ապրանքների համար սահմանում ենք ավելի ցածր մաքսատուրքեր։ Այսինքն՝ այդպիսով նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանությանը, և դա անմիջականորեն արտադարձվում է նաև բիզնեսի գործունեության վրա»,-ասել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանը։
Այսպիսով, «կանաչ» օրակարգն ու կայուն զարգացման մոտեցումներն այլևս լոկ տեսլական չեն, այլ պետական և մասնավոր հատվածի համատեղ հանձնառություն։













