Լրացուցիչ ֆինանսավորման խոշոր խոստումներ և 1,8 մլրդ դոլարի մոբիլիզացիա․ ամփոփվել է COP17-ի առաջին շաբաթը (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանում անցկացվող ՄԱԿ-ի COP17 համաժողովի շրջանակում միջազգային դոնորներն ու կառավարությունները հայտարարել են ֆինանսավորման խոշոր խոստումների մասին:
Կենսաբազմազանության գլոբալ հիմնադրամին (GBFF) ավելի քան 60 միլիոն դոլարի նոր հատկացումներ են խոստացել Գերմանիան, Իսլանդիան, Մոնակոն, Կանադայի Քվեբեկի նահանգը: Միևնույն ժամանակ, GEF-9 հիմնադրամի համալրման համար նոր ներդրումներ են հայտարարել Իսպանիան ու Ուզբեկստանը, իսկ Մեծ Բրիտանիան վերահաստատել է իր 330 միլիոն ֆունտ ստեռլինգի (շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար) հատկացումը՝ GEF-9-ի ընդհանուր ֆինանսավորումը հասցնելով 4.4 միլիարդ դոլարի:
Հայաստանը, որպես գագաթնաժողովը նախագահող երկիր, նույնպես հայտնել է GBFF-ին ֆինանսական ներդրում ունենալու և դոնոր դառնալու պատրաստակամության մասին: Սա ընդգծում է Հայաստանի անցումը աջակցություն ստացող երկրից դեպի բնապահպանական գլոբալ ծրագրերում ֆինանսական մասնակցություն ունեցող կողմի:
«GEF-9 ցիկլն ունի որոշ ծրագրային ուղղություններ, որոնք որոշում են, թե ինչպես են այս միջոցները ծախսվելու: Ամենակարևոր ուղերձն այն է, որ ընդհանուր միջոցների 35%-ն ուղղվելու է կենսաբազմազանությանը: Դրան հաջորդում են քիմիկատներն ու թափոնները՝ մոտ 16-17%, իսկ կլիմայի փոփոխության մեղմացմանը, հողերին և օվկիանոսներին կհատկացվի մոտ 10-ական տոկոս: Սակայն ինտեգրված ծրագրերի շնորհիվ վերջնական արդյունքում ընդհանուր միջոցների մոտ 70%-ը օգուտ կբերի կենսաբազմազանությանը», - ասաց Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) գործադիր տնօրենն ու նախագահ Դիեգո Մեսա Պույոն:

Ֆինանսավորման կարևորագույն ուղղություններից է տեղական համայնքներին աջակցությունը, որոնց ուղղվում է միջոցների առնվազն 20%-ը։ Այս մոտեցման գործնական արդյունքներին ծանոթանալու նպատակով պատվիրակությունն այցելել է Սևանա լիճ՝ դիտարկելով GEF-ի փոքր դրամաշնորհներով ստեղծված գլեմփինգի նախագիծը, որն ապահովում է լրացուցիչ եկամուտներ։
«Ես շնորհակալ եմ բոլոր երկրներին, ներդրողներին, բարեգործներին, ովքեր այս COP-ի ֆինանսավորումը դարձնում են հաջողված: Եվ մենք դեռևս չենք ավարտել։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջոցով մենք ապահովում ենք 1.4 միլիոն դոլար՝ Սևանա լճի պահպանման և վերականգնման համար, և ես շատ շնորհակալ եմ, որ սա հիմնադրամի ներքո Հայաստանի առաջին նախագիծն է», - իր խոսքում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

Այս գումարը լրացնում է ավելի վաղ հայտարարված 500 մլն դոլարի չափով պարտավորությունն ու 300 մլն եվրոյի նպատակային ֆինանսավորումը։ Ըստ նրա, COP17-ի շրջանակում կառավարություններից, բարեգործական կազմակերպություններից և ներդրողներից ստացված ֆինանսական պարտավորությւոնները թույլ են տալիս բոլոր աղբյուրներից մոբիլիզացնել ավելի քան 1,8 մլրդ դոլար և աջակցել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված վճռական քայլերին։
Ֆինանսական այս լուրջ հանձնառություններից զատ, համաժողովն արձանագրում է նաև կազմակերպչական ու բովանդակային զգալի առաջընթաց: ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը COP17-ը բնութագրեց որպես անգլերեն «Չորս Ա»-երի՝ Ա տառով սկսվող բառերի գագաթնաժողով՝ հիմնված Հաշվետվողականության, Համապատասխանեցման, Արագացման և Գործակալության վրա (Accountability, Alignment, Acceleration, Agency):

Անդրադառնալով երկրորդ շաբաթվա մարտահրավերներին և միջազգային հանրության հավաքական ուժին՝ Աստրիդ Շոմակերն ընդգծեց.
«Կենսաբազմազանության ճգնաժամը խիստ է, իսկ ֆինանսական մոբիլիզացիան պետք է արագանա: Սակայն այստեղ հավաքվելով՝ մենք տեսնում ենք, որ միասին կարող ենք փոփոխություն մտցնել, և որ մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի կորուստների կասեցման գործում: Այս գիտակցումն է մեզ առաջ տանում դեպի երկրորդ շաբաթ՝ նախարարների քաղաքական ազդակով և «Երևանյան ուղով»», - ասաց Շոմակերը։
Ֆինանսական հանձնառություններից զատ՝ Հայաստանը, Կոլումբիան և 14 այլ երկրներ հայտարարել են CARES կոալիցիայի մեկնարկի մասին, որն ուղղված է անհետացման եզրին գտնվող տեսակների պաշտպանությանը:
Համաժողովի առաջին շաբաթվա ավարտին արդեն իսկ ընդունվել է 14 պաշտոնական որոշում, այդ թվում՝ կենսաանվտանգության, արհեստական բանականության միջոցով օտարածին ներխուժող տեսակների հսկողության և կենսաբազմազանության ոլորտում կանանց ուղղակի ֆինանսավորման վերաբերյալ:














