ՀՀ ծայրամասային գյուղից վատ վիճակում է գտնվում Գյումրին. պետք է գնանք արտահերթ ընտրությունների, որպեսզի քաղաքը զարգանա. Սարիկ Մինասյան

13:39 • 28.10.26

Ժողովուրդ ջան, բոլորիդ հրավիրում եմ Գյումրի: Կարող ենք Երևանից սկսել մեր ճանապարհը, բոլոր համայնքները մտնելով, հետո կգնանք Գյումրի, լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը:

«Կտեսնեք, որ ՀՀ ծայրամասային գյուղից վատ վիճակում է գտնվում Գյումրին: Այո՛, կա կառավարման ճգնաժամ, մարդիկ չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունները:

Ճգնաժամը հաղթահարելու համար և գյումրեցիների հանդեպ հարգանք ցուցաբերելու պարագայում, գյումրեցիներին և քաղաքը սիրելու պարագայում, կարծում եմ՝ ներկայիս ստեղծված արհեստական իշխանությունը պետք է իր լիազորությունները վայր դնի և գնանք նոր արտահերթ ընտրությունների, որպեսզի Գյումրին նույնպես զարգանա, որպեսզի Գյումրու երեխաները դպրոց և մանկապարտեզ հաճախելիս ցեխերի, ջրափոսերի միջով չանցնեն։ 

Երեկ մեր քաղաքացիներից տեսանյութ էին ուղարկել՝ ինչպես է շների ոհմակը հարձակվում 20-ամյա երիտասարդի վրա, վնասվածքները նկարներով, տեսանյութով ունեմ: Արդեն տարի ու կես է՝ Գյումրու ներկայիս իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել: Անվտանգային խնդիր է, կարծում եմ՝ նաև մեր իրավապահ համակարգը պետք է քայլեր ձեռնարկի»-նշել է նա:

Սարիկ Մինասյանն ընգծել է՝ Գյումրու իշխանությունը, եթե սիրում է գյումրեցիներին, եթե սիրում է իր քաղաքը, հարգում քաղաքի բնակիչների իրավունքները՝ պետք է հրաժարական տա: