ՆԳՆ-ում քննարկվել են թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելմանն առնչվող հարցեր (տեսանյութ)

20:26 • 29.10.26

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գլխավոր տնօրինության տնօրեն, բարձր հանձնակատար Անտոն Զլատանովին։

Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ կարևորելով մասնավորապես ներքին գործերի ոլորտում երկկողմ համագործակցությունը։

ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման գործընթացին և ընդգծել այդ համատեքստում իրականացվող բարեփոխումների կարևորությունը։

 Նա ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչպես նաև ներքին գործերի համակարգի կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Արմեն Ղազարյանը ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության շրջանակում համագործակցության խորացման, մասնագիտական փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։

 Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գլխավոր տնօրինության տնօրեն, բարձր հանձնակատար Անտոն Զլատանովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել Բուլղարիայի՝ եվրոպական ինտեգրման ուղին, այդ գործընթացում իրականացված օրենսդրական և կառուցվածքային բարեփոխումները։

Անտոն Զլատանովն անդրադարձել է նաև սահմանային անվտանգության ապահովման, միգրացիոն հոսքերի կառավարման և անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում Բուլղարիայի փորձին։

 Կողմերը քննարկել են սահմանների համալիր կառավարման, սահմանների վերահսկողության, սահմանային անցակետերի մեծ ծանրաբեռնվածության պայմաններում ծառայությունների արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, թմրամիջոցների, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելմանն առնչվող հարցեր։

 Անդրադարձ է կատարվել նաև սահմանային վերահսկողության տեխնիկական միջոցների արդիականացմանը, ծառայությունների գործունեության կազմակերպմանը, կառուցվածքային բարեփոխումներին և մասնագիտական կարողությունների կատարելագործմանը։ 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։