ՅՈւՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Աճառյանի ծննդյան 150–ամյակին նվիրված գիտաժողով

17:04 • 29.10.26

Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Գիտաժողովին ներկա են եղել ՅՈւՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հայագիտության ոլորտում մասնագիտացող գիտնականներ և ուսանողներ:

«Գիտաժողովը նվիրված էր Աճառյանի գիտական ժառանգության արժևորմանը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա նշանակալի ավանդին։ Աճառյանի ուսումնասիրությունները հայոց լեզվի ծագման, պատմության, բարբառների և այլ լեզուների հետ առնչությունների վերաբերյալ կարևոր ներդրում են ունեցել ոչ միայն հայագիտության, այլև լեզվաբանական համաշխարհային գիտության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ:

Նշենք, որ նախօրեին էլ տեղի է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Միջոցառումների շարքը կեզրափակվի «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշվել էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակը ընդգրկել ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում: