Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում Գերմանիայի քաղաքացու ուղեբեռից առգրավել են 3 միլիոն ռուբլու 32 չհայտարարագրված հնաոճ իր

14:46 • 30.10.26

«Պուլկովո» օդանավակայանի մաքսավորները խափանել են Ռուսաստան ավելի քան 3 մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ ավելի քան 30 մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, այդ թվում՝ Աստվածամոր Կորսունյան սրբապատկերի արծաթե շապիկը (ռիզան), Սուրբ Անդրեաս Նախակոչյալի շքանշանի ժապավենը, ինչպես նաև մեդալներ և կրծքանշաններ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իրերը առգրավվել են Գերմանիայի քաղաքացուց, ով պատրաստվում էր դրանք վաճառել աճուրդային հարթակներում, հայտնել են ՌԴ Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) մամուլի ծառայությունում:

«Մաքսավորները կանգնեցրել են Գերմանիայի 51-ամյա քաղաքացուն «կանաչ» ուղեանցում ընտրանքային ստուգման ընթացքում: Նրա ճամփորդական պայուսակում և ճամպրուկում հայտնաբերվել են բազմաթիվ մշակութային արժեքներ, այդ թվում՝ 19-րդ դարի կեսերի Աստվածամոր Կորսունյան սրբապատկերի արծաթե ոսկեզօդ շապիկը և 19-րդ դարի վերջին քառորդի Սուրբ Անդրեաս Նախակոչյալ առաքյալի շքանշանի ժապավենը: Իր բաճկոնի գրպաններից օտարերկրացին հանել է նաև մեդալներ և կրծքանշաններ: Ապրանքներն առգրավված են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փորձաքննությունը հաստատել է, որ բոլոր իրերը հատուկ պատմական նշանակություն ունեցող մշակութային արժեքներ են:

Օտարերկրացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 226.1 հոդվածի 1-ին մասով (խոշոր չափերով մշակութային արժեքների մաքսանենգություն): Տղամարդուն սպառնում է պատիժ՝ մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման կամ մինչև 1 մլն ռուբլի տուգանքի տեսքով: