Ով է կանգնած հայկական կայքերով խաղատներ գովազդող ցանցի հետևում. Hetq.am

15:30 • 03.11.26

Այս աղմկահարույց սխեման բացահայտվեց պատահաբար, երբ «Հետքն» ուսումնասիրում էր Freedom House կազմակերպության՝ Հայաստանում 2017 թվականի ժողովրդավարության վիճակի մասին զեկույցը։ Զեկույցում որպես տեղեկատվության աղբյուր նշված էր պատգամավորների գործունեությունը լուսաբանող parliamentmonitoring.am կայքը։ Անցնելով հղումով՝ պարզեցինք, որ կայքն առաջարկում է առցանց խաղատներ ու բուքմեյքերական ծառայություններ։ Մեր հետաքննությունը բացահայտել է, որ սա պատահականություն չէ․ հայկական պետական, լրատվական և մշակութային տասնյակ կայքեր հայտնվել են խաղատներ գովազդող միջազգային ցանցի թիրախում։

Այդ կայքերի թվում են Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Արցախի իրավական տեղեկատվական համակարգի, Հայաստանի ազգային արխիվի նախկին կայքերը ու մի քանի լրատվական և այլ բովանդակությամբ կայքեր։ Այս բոլոր կայքերը ներկայում փոխկապակցված են, և Հայաստանում դրանց առանցքային հանգույցը haykbet․am-ն է։ Վերջինս էլ իր հերթին կապված է միջազգային նմանատիպ ցանցի։

Ո՞վ է սեփականատերը, և ինչպես է ցանցը գործում

Haykbet․am-ի սեփականատերը բուլղարացի գործարար Միրոսլավ Պավլովն է (Miroslav Pavlov)։ .am տիրույթի մյուս կայքերը փոխկապակցված են հենց Haykbet-ին։ Պավլովն այս ոլորտում նորեկ չէ՝ առնվազն 10 տարի։ Հետաքրքիր մի փաստ՝ 2015-ին Պավլովը Quora-ի կայքում հարց էր ուղղել՝ փորձելով պարզել, թե ինչպես կարելի է սերբական (.rs) դոմեն գրանցելիս թաքցնել սեփականատիրոջ իրական տվյալները։

Պավլովի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև հայկական տիրույթի (.am) կայքերը։ Թեև բաց աղբյուրներում Haykbet-ի իրական սեփականատիրոջ տվյալները փակ են, «Հետքի» տրամադրության տակ հայտնված տվյալներով հաստատվում է, որ կայքի հետևում կանգնած է հենց Միրոսլավ Պավլովը։

Haykbet-ին փոխկապակցված կայքերն են՝ andin.am գրական-մշակութային ամսագիրը, nyut.am և haymedia.am լրատվամիջոցները, Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության minfin-nkr.am կայքը, Արցախի իրավական տեղեկատվական համակարգը՝ arlexis.am, Հայաստանի ազգային արխիվի նախկին կայքը՝ armarchives.am-ը, parliamentmonitoring.am-ը, akhic.am-ը, status4ka.am-ը: Այս կայքերից մի քանիսը պարզապես վերաուղղորդում են դեպի haykbet, իսկ մյուս կայքերի բովանդակությունն ամբողջությամբ փոխվել է․ այժմ դրանք առաջարկում են խաղադրույքների տարբեր կայքեր, սակայն դրանցում չկա Haykbet-ի մասին որևէ նշում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: