Ֆրանսիայի իշխանությունները նոյեմբերի 14-ի բnղոքի ցույցերին ակնկալում են մինչև 60,000 ցուցարարի մասնակցություն

16:38 • 13.11.26

Ֆրանսիայի իշխանությունները շաբաթ օրը Փարիզում կայանալիք բողոքի ակցիաներին ակնկալում են 30-ից 60,000 մարդու մասնակցություն։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկություններով՝ մայրաքաղաքում հայտեր են ներկայացվել միանգամից երեք բողոքի երթի համար, որոնք պետք է մեկնարկեն հանրապետության հրապարակից։ Առաջին ակցիան կազմակերպել են «Դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս տարբեր կարգախոսներով, այդ թվում՝ գնաճի դեմ, իսկ երկրորդը կանցկացնեն երեխաների նկատմամբ բռնության հակառակորդները։ Երրորդ ակցիան կհամախմբի նրանց, ովքեր դեմ են խորհրդարանի կողմից ոստիկանության աշխատակիցների կողմից զենքի օրինական կիրառման կանխավարկածի մասին օրենքի ընդունմանը։

Այս ցույցերի կազմակերպիչները հայտարարել են շարժման տարբեր երթուղիներ, որոնք ավարտվում են Ազգի հրապարակում և Բաստիլի հրապարակում։ Այս պահի դրությամբ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան դեռևս չի հաստատել երթուղիներից ոչ մեկը։ Բացի այդ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վերլուծաբանները մտավախություն ունեն անվտանգության տեսանկյունից հնարավոր ռիսկերի կապակցությամբ, քանի որ կազմակերպիչների թվում չկան արհմիությունների ներկայացուցիչներ։ Միևնույն ժամանակ պրեֆեկտուրայում ընդգծել են, որ հենց «Դեղին բաճկոնների» ներկայացուցիչներն են մյուսներից ավելի բաց եղել ցույցը քաղաքի ծայրամաս տեղափոխելու վերաբերյալ պրեֆեկտուրայի հնարավոր առաջարկների նկատմամբ, ինչպես դա արդեն մի քանի անգամ եղել է անկարգությունների և ջարդերի վերաբերյալ իշխանությունների մտավախությունների ֆոնին։

«Ակցիաները կունենան վառ արտահայտված հակաոստիկանական բնույթ և կբարձրացնեն թեմաներ, որոնք կգրավեն ձախ արմատականներին։ Նաև, հետախուզական տվյալների համաձայն, ակնկալվում է իրավապահ մարմինների նկատմամբ ագրեսիվ տրամադրված շուրջ 600 երիտասարդից բաղկացած խմբավորման ներկայություն», - հայտարարել է հեռուստաալիքի թղթակից Ռաֆայել Մայոշոնը։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որն ավելի վաղ ելույթ էր ունեցել հեռուստաալիքի եթերում, հայտարարել է, որ իշխանություններն ընդհանուր առմամբ ակնկալում են 50-60 տարբեր ցույցեր ամբողջ երկրում։ Նա չի հստակեցրել, թե որքան լայնածավալ ոստիկանական ուժեր կներգրավվեն այս անգամ քաղաքների փողոցներում կարգուկանոնը պահպանելու համար՝ խոստանալով, որ դա կքննարկի ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ օրվա ընթացքում կայանալիք խորհրդակցության ժամանակ։