«Դասական երաժշտությունը փորձում է հաստատվել մեզանում», կարծում են այն ստեղծողները
«Ընդհանուր ջանքեր են ներդրվում իրավիճակը փոխելու, դասական երաժշտությունը դերը բաձրացնելու համար, սակայն համերգները պետք է ոչ թե հատուկ առիթներ, այլ առօրյայի մաս դառնան», – կարծում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` մեզանում դասական երաժշտության ներկայիս վիճակը վերլուծելով:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, ով մարզային համերգների մեծ փորձ ունի, պնդում է, որ մայրաքաղաքից դուրս նույնպես մեծ ունկնդիր ունեն, անգամ մեծ թվով երեխաներ, ովքեր հատկապես մեծ հաճույքով են համերգների գնում:
«Շեշտադրումը, իրոք, պետք է որակի վրա դնել, այդ դեպքում ունկնդրի, հանդիսատեսի խնդիր երբեք չի լինի», - կարծում է Արամ Ղարաբեկյանը: Դասական երաժշտության տարածմանն ուղղված ընդհանուր ջանքեր նա նույնպես տեսնում է, բայց առայժմ արդյունքը չի տեսնում:
Հայաստանի փոքրիկ երգիչների գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը շատ է կարևորում երեխաների գեղագիտական դաստիարակությունը, համոզված է, որ ամեն տեսակ փառատոններն իհարկե կարևոր են, բայց նրա կարծիքով կրթության այլընտրանքային ձևեր են հարկավոր:










