Լիտվան չի մասնակցի «Եվրատեսիլ-2010»-ին
Լիտվան չի մասնակցի հաջորդ տարվա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, քանի որ ներկա պահի դրությամբ բավարար միջոցներ չունի։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Vesti-ն, նշել է Լիտվայի հեռուստատեսության տնօրեն Րիմվիդաս Պալեցկիսը։
Հավելենք, որ «Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու համար Լիտվային հարկավոր է մոտավորապես 300 հազ. լիտ (87 հազ. եվրո), որոնք երկիրն այժմ չունի։
Սակայն «Եվրատեսիլ»-ի կանոնների համաձայն՝ եթե համապատասխան գումար գտնվի, Լիտվան կարող է կրկին համալրել երգի մրցույթի մասնակից երկրների կազմը։ «Եթե գումարներ գտնվեն, «ԼՏՎ»-ն կարող է կազմակերպել նախընտրական փուլ և ընտրել երկրի ներկայացուցչին»,- բացատրել է Պալեցկիսը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2010»-ի եզրափակիչը տեղի կունենա 2010թ. մայիսի 29-ին։










