Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2010»-ին
Ավարտին է մոտենում «Եվրատեսիլ 2010»-ի մասնակցի ընտրության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարած նախընտրական փուլի հայտերի ընդունման ժամկետը: Մինչև հայաստանյան մրցույթի կազմակերպիչները կամփոփեն արդյունքները և կհրապարակեն 10 լավագույնների անունները, ովքեր իրենց ուժերը կփորձեն հեռուստատեսային համերգի փուլում, մամուլում վաղուց շրջանառվում են հավակնորդների անունները:
Այս տարվա «Եվրատեսիլին» Հայաստանի հավանական մասնակցի թեկնածուների շարքում առավել հաճախ հնչում է Էմմիի անունը` ամերիկաբնակ հայ պարող և երգիչ Միհրանի հետ միասին: Այս զույգն արդեն բազմիցս հաստատել է իր մտադրությունը, նաև այն, որ ամիսներ շարունակ Միացյալ Նահանգներում պատրաստվել են` մրցույթին ինչպես հարկն է ներկայանալու համար:
Էմմի-Միհրան զույգից բացի, Օսլո մեկնելու ցանկություն ունեն հայկական էստրադայի ևս մի քանի հայտնի անուններ` այդ թվում` Ռազմիկ Ամյանը, Հայկ Կասպարովը, ինչպես նաև Սայաթ-Նովայի հայտնի երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակով ճանաչում ձեռք բերած Եվա Ռիվասը:
«Եվրատեսիլի» հայաստանյան մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է, իսկ կամփոփվի այն փետրվարի 14-ին` հեռուստադիտողի SMS-հաղորդագրությունների և ժյուրիի քվեարկության արդյունքում:










