12 մլն դրամ բյուջեով, լեգենդար դերասանով և սպասված ելույթներով մեկնարկեց ԱՐՄՄՈՆՈ թատերական փառատոնը

21:34 • 29.02.12

Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի բեմից լիտվացի նշանավոր դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսի 75-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոյով մեկնարկեց մոնոներկայացումների ԱՐՄՄՈՆՈ և Վ.Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը (ԱՐՄՄՈՆՈ-ի շրջանակներում, սակայն առանձին ծրագրով ներառված է նաև Շեքսպիրյան փառատոնը): Տեղացի և արտասահմանցի թատերական գործիչների, մտավորականների ու նաև քաղաքական գործիչների ներկայությամբ «փառատոնի ծնողը»` փառատոնի հիմնադիր, Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Անհուհետև հանդես եկան ՀՀ և Լիտվայի մշակույթի փոխնախարարները` Արթուր Պողոսյանը և Դևիդաս Ստանպոնկուսը:

Փոխանցելով Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքը և գնահատականը Արթուր Պողոսյանը հաղորդեց, որ նախարարի գնահատականով ԱՐՄՄՈՆՈ-ն իր հաստատուն տեղն է գրավել գործող փառատոների շարքում, մեր երկրում մշակութային սպասված իրադարձություն է: Այս տարի փառատոնը կներգրավի նաև հանրապետության մարզերը: Ըստ նախարարության` խորհրդանշանակն է, որ ԱՐՄՄՈՆՈ-ն մեկնարկում է լիտվական ծրագրով` նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Փոխնախարար Ստանպոնկուսը ավելի հակիրճ էր և պարզապես շնորհավորեց բոլոր ներկաներին այդ թատերական տոնի առիթով:

Ելույթ ունեցավ նաև դրամատուրգ, թատերական գործիչ Նինա Մազուրը, ով հույս հայտնեց, թե այս փառատոնին բնորոշ են այն բաղադրիչները` գեղեցիկը, բարին, ազնիվը, որոնք արվեստի բուն էությունն են կազմում:

Դահլիճը հոտընկայս դիմավորեց Լիտվայի Ազգային դրամատիկական թատրոնի դերասան, Լիտվայի և ԽՍՀՄ-ի Վաստակավոր արտիստ Ադոմայտիսին, որը սակայն «հրաժարվեց» բարձրախոսից: Նա միանգամից անցավ անմիջական շփման և կատակների, որոնք մերթ ընդ մերթ ընդհատվում էին ծափողջյուններով: Ադոմայտիսն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հասցրել էր իր հայանպաստ տեսակետը հայտնել ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրենքի առիթով, իսկ Ազնավուրին անվանել էր իր սիրելի շանսոնյեն:

Ինչ վերաբերում է իր թատերական գործունեությանը, ապա 75-ամյա արտիստը հայտնեց, որ մինչև սեզոնի վերջ կձգի, ապա կամաց-կամաց կուլիսներ կանցնի:

Թատրերագետ Նվարդ Ասատրյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, ԱՐՄՄՈՆՈ-ն կարևորեց այն հնարավորության առումով, որ փառատոնը տալիս է դերասաններին` հերթական անգամ, լրացուցիչ ներկայանալ: Ըստ նրա` դերասններ կան, որ հատուկ պատրաստվում են և այս փառատոնի ընթացքում ստեղծագործական իրենց զսպված էներգիան են դրսևորում, ինչը չեն կարողանում անել իրենց թատրոններում:

Խոսելով փառատոնի միջազգային լինելու մասին` տիկին Ասատրյանը տեսակետ հայտնեց, որ առհասարակ որևէ փառատոնի միջազգայնություն այսօր կառուցվում է 1-2 անունի վրա: Չկա նաև մրցակցություն, արձանագրեց թատերագետը:

ԱՐՄՄՈՆՈ-ն տևելու է մինչ մարտի 5-ը, այդ ընթացքում տեղի թատրոնների բեմերից ներկայացվելու է ավելի քան 2 տասնյակ բեմադրություն: Առաջին ամենադիտարժան աշխատանքը, ըստ թատերագետ Նվարդ Ասատրյանի, տեղի կունենա վաղը Տիկնիկայինի բեմում, որտեղ հանդես դերասանուհի, երգչուհի Իրինա Եվդակիմովան` ներկայացնելով Բրոդսկի: