1905թ-ի այս օրը մահացել է հայ կոմպոզիտոր Մակար Եկմալյանը
«Յարգելի երաժիշտ Պ.Մակար Եկմալեանը մեր երգեցողութեան ամայի անդաստանի մէջ ներդաշնակութեան անդրանիկ բուրաստանը տնկեց: Սրտանց ուրախ ենք, որ հայերս այժմ կարող ենք պարծել, թէ մենք էլ յետ չենք մնացել վսեմ գեղարուեստի եւ կատարելագույն երաժշտութեան զարգացումից»,– այսպես է գրել մեծն Կոմիտասը հայ կոմոպզիտոր Մակար Եկմալյանի մշակած «Պատարագ»-ի մասին:
Մակար Եկմալյանը ծնվել է 1857թ-ի փետրվարի 2-ին Էջմիածնում՝ Ալաշկերտի շրջանի Եկմալ գյուղից գաղթած ընտանիքում։
Կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Էջմիածնի Ժառանգավորաց վարաժարանում՝ աշակերտելով Նիկողայոս Թաշճյանին։
1872-ին ավարտել է Ժառանգավորաց վարժարանը։ 1874-ին նշանակվել է Գևորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ, 1878-ին ուղարկվել է Պետերբուրգ, տեղի կոնսերվատորիայում մասնագիտությունը կատարելագործելու։
Պետերբուրգի կոնսերվատորիայում աշակերտել է պրոֆեսորներ Լյադովին, Ռիմսկի, Կորսակովին և Սակետտիին։ 1888-ին ավարտել է ուսման ընթացքը ազատ արվեստագետի դիպլոմով:
Մի քանի տարի ղեկավարել է Պետերբուրգի հայկական եկեղեցու երգչախումբը, միաժամանակ զբաղվել հայկական պատարագի մշակմամբ։ 1891-ին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար։ Այդ երգչախումբն է, որ առաջին անգամ կատարել է հատվածներ նրա մշակած պատարագից։
Եկմալյանը զբաղվել է հայկական պատարագի երաժշտության մշակմամբ: 1896-ին լույս է ընծայել «Երգեցողություն սրբո պատարագի» պարտիտուրան։ Եկմալյանը նաև պատրաստել է հայ երաժշտարվեստի երախտավորների մի ամբողջ համաստեղություն` խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյան, մանկավարժ-խմբավարներ Ազատ Մանուկյան և Անտոն Մայիլյան, երգիչ-երաժշտագետ Մուշեղ Աղայան, երգիչներ Արմենակ Շահմուրադյան, Տիգրան Նալբանդյան և Շարա Տալյան:
Հայ կոմպոզիտորը խոշոր դեր է կատարել ժողովրդական երգերի կատարման և մշակման գործում։ Մշակել է մի քանի տասնյակ ազգային և ժողովրդական երգեր. «Ազնիվ ընկեր, մեռնում եմ», Տե՛ր, կեցցո դու զհայս», «Ո՛չ փող զարկինք, ո՛չ արձագանք», «Կապույտ երկնքում աստղեր են փայլում» և այլն, որոնք լայն տարածում են գտել։
Նրա վոկալ և գործիքային ստեղծագործություններից մի քանիսը, այդ թվում «Ռոզայի թափառումները» կանտատը, որը գրել է Պետերբուրգի կոնսերվատորիայի ավարտման առթիվ, մնացել են ձեռագիր և կորել են: Եկմալյանը մահացել է 1905թ-ի մարտի 6-ին:










