Այսօր Անիրավ տնտեսի կիրակին է
Լուսանկարը՝ www.vspi.am–ի
Մեծ պահքի շրջանում կիրակիներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը` միասին ներկայացնելով դրախտից Գողգոթա տանող ճանապարհը, այսինքն` մարդկության փրկագործության ուղին:
Հայ առաքելական եկեղեցին կիրակիներից յուրաքանչյուրին իր անվանումն է տվել` Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան:
Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է Անիրավ տնտեսի կիրակի (Ղուկ., ԺԶ, 1-8): Այս առակով Հիսուսը պատմում է զուտ աշխարհիկ, անիրավ մի տնտեսի մասին, ով ջանք չէր խնայում իր երկրային ու ֆիզիկական կյանքը ապահովելու համար: Երբ նրան ամբաստանում են տիրոջ առաջ, թե` վատնում է վերջինիս ունեցվածքը, տերը կանչում է նրան և հաշվետվություն պահանջում:
Տնտեսն անհանգստանում է, որ կարող է բացահայտվել իր անազնվությունը, և կանչում է տիրոջ պարտապաններին ու նրանց հետ միասին փոխում մուրհակները: Իմանալով այս մասին` տերը գովում է նրան: Տնտեսի անազնվությունը չէ, սակայն, որ առակի խորհրդով գովաբանվում է: Այդ օրինակով Քրիստոսը գովում է նպատակին հասնելու մարդու աննահանջ ջանքն ու հնարամտությունը:
Մեծ պահքի 24-րդ օրը, կոչվում է Միջինք: Այն հիշեցնում է, որ պահքը հասել է իր կեսին: Միջինքին չկան եկեղեցական հատուկ արարողություններ: Ժողովրդական սովորույթներից է Միջինքի կարկանդակը, որի մեջ դնում են դրամ: Ակնկալվում է, որ ում բաժնում այն ընկնում է, նա էլ այդ տարի հաջողակ և հարուստ է լինում: Կարկանդակի մեջ դնում են նաև փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ:










