Օսկարակիր իրանցի ռեժիսորին արգելել են նշել հաղթանակը

20:28 • 12.03.12

Իրանի իշխանությունները թույլ չեն տվել «Բաժանում» ֆիլմի համար Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակին արժանացած ռեժիսոր Ասղար Ֆարհադիին Թեհրանում հանդիսավոր արարողություն կազմակերպել այդ առիթով, հայտնում է svobodanews.ru-ն:

Իրանի կինեմատոգրաֆի պետական տեսչությունները չեն տրամադրել դրա համար անհրաժեշտ պաշտոնական թույլտվությունը:

Ֆարհադիի «Բաժանումը» դժգոհություն էր առաջացրել իրանցի պահպանողականների շրջանում, քանի որ դրանում ցուցադրված են իրանական հասարակության խնդիրները, կանանց անիրավահավասարությունը և երկրի բնակչության զգալի մասի արտագաղթելու ցանկությունը:

Մինչ այդ պաշտոնական Թեհրանը ողջունել էր իրանական ֆիլմի Օսկար ստանալը` կարևորելով հատկապես այն, որ Օսկարի համար պայքարում իրանական ժապավենը հաղթել էր իսրայելական ֆիլմին: