Արշիլ Գորկու մասին ֆիլմ` BBC-ով. այսօր գիշերը (տեսանյութ)

22:36 • 12.03.12

Այսօր գիշերը բրիտանական BBC Four հեռուսատացանցը կցուցադրի ֆիլմ` նվիրված հայազգի մեծ գեղանկարիչ Արշիլ Գորկուն (իսկական անունը` Ոստանիկ Ադոյան): Գորկին համարվում է ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրը, նրա աշխատանքները բավականին հաջող վաճառվում են տարբեր աճուրդներում:

Գորկի/Ադոյանը ցեղասպանությունը վերապրածների սերնդից է Արևմտյան Հայաստանի Խորգոմ գյուղից: Գորկին լայն զանգվածներին հայտնի դարձավ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից` իր անավարտ ձեռքերով մոր ու որդու կտավով:
Նրա վերաբերյալ նոր ֆիլմը վավերագրական է, ամբողջովին հենց Գորկուն է նվիրված: 59 րոպե տևողությամբ ֆիլմը պատրաստել է բրիտանական Ազգային կինոդպրոցի սան Կոզիմա Սփենդերը:

Երիտասարդ ռեժիսորը այսօր Լոնդոնում նեղ շրջանակի համար կինոդիտում է կազմակերպել: Իսկ BBC Four-ով ցուցադրությունը կլինի այսօր Լոնդոնի ժամանակով` 22:00-ին, այսինքն` Երևանի ժամանակով` գիշերվա 2-ին:
BBC Four-ը ամբողջությամբ է ցույց տալու աշխատանքը, սակայն փոխել է վերնագիրը: Ռեժիսորն իր աշխատանքը անվանել է «Առանց Գորկու» (Without Gorky): Իսկ BBC-ն ֆիլմը վերանվանել է «Ո՞վ է Գորկին. Աբստրակտ կյանք» (Who Is Gorky? An Abstract Life):

Հեղինակը բարեխղճորեն և հանգամանալից ներկայացնում է Գորկու ստեղծագործական ուղին` բացահայտելով նաև նրա ընտանեկան ողբերգությունը: Արդեն իսկ ֆիլմը արձագանք է գտել բրիտանական հասարակության շրջանում: Vogue նորաձևության ամսագրի բրիտանական հրատարակությունը ապրիլին մեծ անդրադարձ կներկայացնի այս ֆիլմի վերաբերյալ: Իսկ մինչ այդ ռեժիսորն իր BBC-ին տված բլից հարցազրույցում հայտնում է, որ իր ամենասիրած տեղը «Վանա լիճն է` Արևելյան Թուրքիայում (նախկին Հայաստանում)» (ձևակերպումներն ու անվանումները՝ BBC–ի):

Պարզվում է՝ ֆիլմը ստեղծելու համար Սփենդերը անձնական դրդապատճառներ է ունեցել: Նրա տատը, իր խոսքերով «եղել է Գորկու կյանքի վերջին վկան» (Արշիլ Գորկին ինքնասպանություն է գործել 44 տարեկան հասակում): Ժամանակին Գորկու դուստրը` Մարոն, ամուսնացել էր բրիտանացի գրող Սթիվեն Սփենդերի որդու հետ: Եվ ահա նրանց ժառանգը` ֆիլմի ռեժիսոր Կոզիմա Սփենդերը հատուկ այս ֆիլմը ստեղծելու համար ուղևորություն է կատարել Արևմտյան Հայաստան, ինչը բնորոշում է «շատ հուզիչ և ոգևորող»: Սփենդերը եղել է նաև Նյու Յորքում Գորկու տանը: