Օլիմպիադա-2012, Դիքենս-200 և մարդու իրավունքներ. ընթացքի մեջ է Բրիտանական ֆիլմերի փառատոնը
Արդեն բարի ավանդույթ դարձած Բրիտանական ֆիլմերի փառատոնի մեկնարկը տրվել էր մարզերում. մարտի 1-ից-11-ը փառատոնի ծրագրից ընտրված ֆիլմեր էին ցուցադրվել` Վանաձորում, Բերդում և Գյումրիում: Եվ այժմ` փառատոնը «մուտք է գործել» նաև մայրաքաղաք: Ի դեպ, այս տարին հոբելյանական է արդեն 10-րդ տարին անցկացվող ամենամյա փառատոնի համար և առավել հագեցած է բազմաբնույթ միջոցառումներով:
Երևանում Բրիտանական ֆիլմերի փառատոնը ընթացքի մեջ մտավ մարտի 10-ին: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի բացմանը հանդես եկան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Բացման ֆիլմ էր ընտրված «Հրակառքեր»–ը: Վերջինս հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է 1924 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում երկու մարզիկների պայքարը: Ընդհանրապես փառատոնի ֆիլմերն ընտրված են ի նշանավորումն այս տարվա ամենակարևոր համամարդկային դարձած բրիտանական դեպքերի ու դեմքերի, ինչպիսիք են Լոնդոնի օլիմպիական խաղերը և Չարլզ Դիքենսը: Ֆիլմերում մեծ տեղ ունի մարդու իրավունքների հիմնահարցերը:
Ընդհանուր առմամբ փառատոնի ծրագրում 10 լիամետրաժ ֆիլմ է: Կան նաև բազմաթիվ կարճամետրաժ աշխատանքներ: Բազմաժանր ֆիլմերը ներկայացնում են պատմություններ բրիտանացիների առօրյայից, ներկայացնում համամարդկային խնդիրների նրանց ընկալումները, բացահայտում ժամանակակից աշխարհում սեփական ճակատագրի համար պայքարող մարդկանց ապրումները:
Հոբելյանական փառատոնը հագեցած է նաև ամենատարբեր միջոցառումներով: Արդեն հասցրել են հանդես գալ նաև փառատոնի հատուկ հյուրերը` ծրագրում ընդգրկված «Մեծագույն սեր» ֆիլմի ռեժիսոր Մայքլ Ուայթն ու գեղանկարիչ Րիս Ուայթհեդը: Փառատոնի բացմանը ցուցադրվել են Ուայթհեդի` Հայաստանին նվիրված աշխատանքները: Նախատեսվում է նաև, որ Ուայթը վարպետության դասընթաց կանցկացնի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Հանդիպումների ու վարպետության դասընթացների անցկացմանը զուգահեռ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, Կովկասյան ինստիտուտ հիմնադրամը և Ռուբեն Մանգասարյան մեմորիալ հիմնադրամը կազմակերպում են վավերագրական լուսանկարչության դասընթաց: Այն կվարի Լոնդոնի Արվեստների համալսարանի Հաղորդակցության լոնդոնյան քոլեջի դասախոս Պատրիկ Սադերլենդը:
Փառատոնը կտևի մինչև մարտի 19-ը «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում: Ֆիլմերը կցուցադրվեն ժամը 17.00-ին (անգլերեն) և ժամը 19.00-ին` հայերեն ենթագրերով: Կինոդիտումների մուտքն ազատ է: Ցուցադրություններից առաջ կներկայացվեն նաև կարճամետրաժ բրիտանական ֆիլմեր:










