Գերմանիան 300 մլն դոլար կվճարի խորհրդային հրեաներին
Գերմանիան համաձայնել է 300 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում վճարել 80 հազ հրեաների՝ հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներից, որոնք տուժել են Ֆաշիստական Գերմանիայի տարիներին, սակայն մինչ օրս փոխհատուցում չեն ստացել, հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում անելով Գերմանիայի դեմ նյութական պահանջատիրության հրեական կոնֆերանսի հայտարարությանը:
Կոնֆերանսը այս որոշումը պատմական է անվանել: Իսկ նշված տասնյակ հազարավոր հրեաները վերջինն են, որ մինչ օրս ոչ մի փոխհատուցում չեն ստացել: Մինչ այսօր նման փոխհատուցումը անհնար էր Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ-ից դուրս մի շարք երկրների հրեաների համար:
Բացի այդ, Կոնֆերանսն ու գերմանական իշխանությունները համաձայնություն են ձեռք բերել հավասարեցնել ամսական թոշակների չափերը, որ երկիրը վճարում է Հոլոքոստից տուժածներին: Մինչ օրս հսկայական տարբերություն կար այն թոշակների միջև, որ ստանում էին Արևմտյան և Արևելյան Եվրոպաների հրաները: Իսկ այժմ բոլոր հրեաները ամսական մոը 370 դոլարին համարժեք թոշակ են ստանալու:
Գերմանիան վերանայել է նաև թոշակի տրամադրման համար անհրաժեշտ չափորոշիչները. մինչ այժմ թոշակի կարող էին հավակնել այն անձինք, որոնք նացիստներից ստիպված են եղել թաքնվել մեկ տարուց ոչ պակաս: Իսկ այժմ թոշակառու կդառնան նաև մինչև 6 ամիս թաքնվածները:









