Վաղը տեղի կունենա ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը

17:17 • 10.07.12

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 11-ին` ժամը 12.00-ին, տեղի է ունենալու «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը:

 

Ըստ «Ազատություն Տիգրան Առաքելյանին» նախաձեռնության հաղորդագրության՝ նիստի ժամանակ մեղադրական ճառով հանդես է գալու մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, ինչից հետո երիտասարդները ներկայացնելու են իրենց պաշտպանական ճառերը:

 

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել ՀԱԿ–ի 7 ակտիվիստ, ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում:

 

Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպի սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: