ԴԱՀԿ-ն պատրաստվում է հանդես գալ մարդկանց վերջին կացարանից չզրկելու օրենսդրական նախաձեռնությամբ

13:10 • 10.07.12

Վեց ամսվա հաշվետվությունը փաստում է այն մասին, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում (ԴԱՀԿ) աշխատանքների ծավալը շարունակում է մնալ մեծ և շատ. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ծառայության պետ Միհրան Պողոսյանը:


Նա հավատացնում է, որ այսօր ծառայությունն իր վրա դրված պարտականությունները կատարում է. «Այսօր մենք գրեթե չունենք ուշացած կատարողական վարույթ, այսինքն՝ տարիներով մնացած կատարողական վարույթ չկա»:


ԴԱՀԿ ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ 2012 թ. առաջին կիսամյակի բռնագանձումները գերազանցել են 7,123 մլրդ դրամի սահմանագիծը, այսինքն՝ նախորդ տարվանից 250 մլն դրամ ավելի, հարուցվել է 51.447 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 42.761-ի դիմաց:


Միհրան Պողոսյանը նշեց, որ Գլխավոր դատախազության հետ աշխատանքները շարունակվում են.«Դատախազություն է ուղարկվել 14 գործ, որոնք, ըստ էության, նույնն են՝ տեսակների չարաշահում, կեղծ մաքսազերծում, դատական ակտի դիտավորյալ չկատարում: Դրանցից վեցի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ»:


Նրա խոսքով՝ այս տարի ԴԱՀԿ-ն նպատակ ունի Կառավարությանը նախագիծ ներկայացնել, այն է՝ ֆիզիկական անձանց սնանկացումից հետո վերջին կացարանից չզրկելու խնդիրը, որը շատ երկրներ, Պողոսյանի տեղեկացմամբ, արդեն ընդունել են:


«Օրինակ, եթե բանկը քաղաքացուն տալիս է վարկ, բանկը իր բիզնեսն է անում, և ինչ-որ տեղ վերջինս ամբողջությամբ ապահովագրված է, մինչդեռ քաղաքացին իր վերջին տունը գրավ է դնում: Մենք հարց կբարձրացնենք, որ վերջին տնից չզրկեն»,-ասաց նա:


Միհրան Պողոսյանը նկատեց, որ ֆիզիկական անձանց օգտին բռնագանձումներն ավելացել են, իսկ իրավաբանական անձանց առումով պակասել:


«Շատ դեպքերում մենք տնից հանել ենք և հանրակացարանում տեղավորել, որպեսզի անձը, գոնե, ապրելու տեղ ունենա»,- ասաց բանախոսը:


Նա նաև տեղեկացրեց, որ հեշտացել է նաև հարցումների խնդիրը. «Մի կոճակի սեղմամբ կարողանում ենք հարցումներ կատարել և շատ արագ ստանալ հարցումների պատասխանները»,- ասաց նա:


Միհրան Պողոսյանն անդրադարձավ նաև խարդախությունների հետ կապված հարցերին. «Մեր հասարակությունը դեռ չի ընդունել այն փաստը, որ ԴԱՀԿ-ն աճուրդն իրականացնում է էլեկտրոնային կայքի միջոցով, և ինչ-ինչ մարդիկ դրանից օգտվում են, որն էլ առաջ է բերում նման թյուրիմացություն»:


Այս առիթով Պողոսյանն անդրադարձավ վերջին միջադեպին. «Մարդը, պարզապես, ներկայացրել է, որ ցանկացած գույք կկարողանա հարկադիրից ավելի էժան տալ, ինչին էլ բազմաթիվ մարդիկ հավատացել են: Այսօր մեր ջանքերով գտել ենք այդ երիտասարդին՝ ով կանգնած է դատարանի առաջ: Քրեական գործ է հարուցվել»,-տեղեկացրեց նա։


ԴԱՀԿ ղեկավարը հավաստեց, որ այդ անձը ոչ թե համակարգի աշխատող է, այլ ուղղակի իրավաբան է, ով օգտվել է մեր ժողովրդի տեղեկացված չլինելու հանգամանքից, այն, որ ԴԱՀԿ-ում 2006-ից էլեկտրոնային տարբերակով վաճառք է իրականացվում: