Հաագայի Միջազգային քրեական դատարանն իր առաջին վճիռն է կայացրել
Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) իր պատմության մեջ առաջին վճիռն է կայացրել. Կոնգոցի ապստամբների նախկին առաջնորդ Թոմաս Լուբանգա Դյիլոն 14 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Ավելի վաղ ՄՔԴ-ն Լուբանգային մեղավոր էր ճանաչել Կոնգոյի Իտուրի նահանգում 1999-2003թթ բախումների ժամանակ մինչև 15 տարեկան երեխաներին իրեն ենթակա զորամիավորումներ հավաքագրելու համար. երեխաներին առևանգել և ստիպել էին կռվել խաղաղ բնակչության դեմ մարտերում: Այդ շրջանում Իտուրիում 60 000 մարդ էր սպանվել:
Վճռով հաշվի է առնված նաև նրա՝ նախնական կալանքի տակ գտնվելը (2006-ից) և լավ վարքագիծը. Ըստ այդմ՝ Լուբանգան իրականում ազատազրկվել է 8 տարով:
Լուբանգան եղել է Կոնգոյի Հայրենասերների միության առաջնորդը և դրա ռազմական ճյուղի հրամանատարը: Նա իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ նրա փաստաբանները միջազգային դատարանին մեղադրել են վկաներին կաշառելու համար:
ՄՔԴ-ն ստեղծվել է 2002-ին, առաջին մշտական իրավական կառույցն է, որն իրավասու է դատական հետապնդում իրականացնել ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ:









