Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է և պարզվել է, որ նա հունիսի 17-ին, դեպքի պահին «Հարսանքարում» չի եղել. Ոստիկանություն
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը դեպքի վայրում չի եղել: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը: «Այդ օրը Ռուբեն Հայրապետյանը եղել է Սևանում, 19:30-ի սահմաններում այցելել է «Հարասանքար» ռեստորանային համալիր, այստեղ մնացել մոտ 30 րոպե, որից հետո գնացել մոտակա ֆուտբոլի ակադեմիա: Դեպքի պահին նա այնտեղ չի գտնվել»,- ասաց նա՝ նշելով, որ Հայրապետյանին որպես վկա հարցաքննել են հուլիսի 6-ին, և ապացույց չգտնելու պատճառով էլ, բնականաբար, նրա նկատմամբ մեղադրանք չեն առաջադրել: «Ոչ ոք նրա մասնակցության մասով որևէ տվյալ չի հայտնել: Բնականաբար, մեղադրանք առաջադրելու խոսք լինել չի կարող»,- նշեց նա:
Քննչական գլխավոր վարչության պետը հավատացնում է, որ մեղադրյալներից ոչ ոք, այդ թվում և Գարիկ Մարգարյանը, Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից չի եղել: Ըստ նրա, բոլոր 6 մեղադրյալներն էլ ռեստորանի գրանցված աշխատակիցներն են եղել, ուղղակի նրանք որոշ առիթների դեպքում ուղեկցել են Հայրապետյանին: «Առավել քան ապացուցված է, որ մեղադրյալները հաշվառված «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցներ են և գրանցված են, ուղղակի որոշ առիթների դեպքում, երբեմն նրանցից ոմանք ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին»,- ասաց նա:
Արսեն Այվազյանից լրագրողները նաև հետաքրքվեցին, թե ինչու է մեղադրյալների թիվը 6-ը, այն դեպքում, երբ մամուլում շրջանառվում էր այն մասին, որ ծեծի ենթարկողների թիվը հանում է մոտ 15-ի:
Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ դեռևս նախաքննությունը շարունակվում է և նախնական փաստերով ապացուցված է 6-ի մասնակցությունը և քանի որ գործը չի ավարտվել, նրանք դեռևս հստակ չեն կարող ասել, այդ թիվը կավելանա, թե ոչ:
Նա նաև տեղեկացրեց, որ ոչ միայն Գարիկ Մարգարյանի, այլ մյուս բոլոր մեղադրյալների հեռախոսային վերծանումների համար դիմել են դատարան, պարզելու, թե Ռուբեն Հայրապետյանի կողմից հրահանգ եղե՞լ է, թե ոչ: « Տեխնիկական խնդիր էր դատարանից ստանալու այդ որոշումը, որն արդեն կա: «Վերծանումները պարզելու համար գործընթացը դեռ շարունակվում է»,-ասաց նա:
Այվազյանը նաև նշեց, որ գործում տեսանկարահանումներ չկան, քանի որ այդ տարածքում տեղադրված տեսախցիկների սարքը ձայնագրող չի եղել:









